Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:
Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը:
——————–
Ավելի վաղ ՀՀ ՊԲ-ից հայտնեցին, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են
Անդրանիկ Արշակի Անտոնյանը,
Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը,
Վաչագան Սարոյի Վարդանյանը,
Նարեկ Կարենի Պողոսյանը:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ, կիրառում է նաև ականանետ:
Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր: