ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում շարունակվում է Երևան քաղաքի 28-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:
Մասնավորապես` դեպքից առաջ տուժողի և վերջինս ծանոթ, Արմավիրի մարզի 26-ամյա բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նախնական տվյալներով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս, Երևանի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա պարանոցի և կրծքավանդակի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետև հրկիզել է բնակարանը և դեպքի վայրից հեռացել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննության ընթացքում, ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: