Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր՝ օգոստոսի 23-ին։
Iravaban.net-ը ներկայացնում է 14 ուժերի առաջին քայլերը, որոնցով վերջիններս մեկնարկել են քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։
«Հանրային ձայն» կուսակցությունը որևէ միջոցառման մասին չի հայտարարել։ Նշենք, որ նրանց ընտրական ցուցակի առաջին համարը՝ Արտակ Գալստյանը, կալանավորված է։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) քարոզարշավը կսկսի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից։ Բնակիչների հետ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը կմեկնարկի ժամը 17։00-ին, Նուբարաշենի կենտրոնական այգու մոտ։
«Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ընտրարշավի պաշտոնական մեկնարկը տրվելու է ժամը 17։00-ին, որի ընթացքում կներկայացվի կուսակցության նախընտրական ծրագիրը, ավագանու թեկնածուները, ինչպես նաև քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանի կողմից հայեցակարգային տեսքով կներկայացվի կուսակցության քաղաքական պատկերացումներն ինչպես Երևանի ավագանու ընտրությունների, այնպես էլ Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Միջոցառման ավարտից հետո Նորիկ Նորիկյանը կպատասխանի լրատվամիջոցների հարցերին, իսկ դրանից հետո տեղի կունենա քայլերթ քաղաքում ու շփում քաղաքացիների հետ։
«Հաղթանակ» կուսակցությունը քարոզարշավը կսկսի Աջափնյակ վարչական շրջանից։ Նորաշենի գեղագիտական կենտրոնում 19։00-ին ցուցակի առաջին համարը, Վիկտոր Մնացականյանը կհանդիպի քաղաքացիների հետ։
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 5-րդ համարի ներքո: Ցուցակի առաջին համարը Նելլի Հարությունյանն է։ Կուսակցությունը իր օրակարգի մասին որևէ հայտարարություն դեռ չի արել։
Սեպտեմբերի 17-ի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության քվեաթերթիկի համարն է 6-ը։ Կուսակցության ընտրացուցակը գլխավորում է ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանը։ Առաջին համարը քարոզարշավը սկսել է հարցազրույցով, այլ հայտարարություններ չեն եղել, օրակարգը հայտնի չէ։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ևս քարոզարշավի մեկնարկի օրը որևէ հայտարարություն չի արել, օրակարգի մասին որևէ տվյալ չի հայտնել։ Ընտրացուցակի առաջին համարը Հայկ Մարությանն է։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը իր նախընտրական քարոզարշավը սկսել է Ավան վարչական շրջանից, բացի այդ՝ նախընտրական հոլովակ է հրապարակել ու նշել իրենց կարգախոսը․ «Դու կարող ես»։ Կուսակցության առաջին համարը Արման Ղուկասյանն է։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները նշում են, որ կարևոր է բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը։
«Այս օրերին շատ ենք լսում, որ այս ընտրություններում կան ֆավորիտներ, բայց ֆավորիտ կամ ոչ ֆավորիտ՝ որոշելու է երևանցին։ Քաղաքական ուժը ֆավորիտ պետք է համարվի կամ ոչ՝ ըստ իր ծրագրի, ըստ այդ ծրագրի անկեղծության և դրա իրատեսության առումով»,-նշել է Արման Ղուկասյանը՝ խոստանալով, որ արդարության հետքերով են գնալու։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ քաղաքացիների և ԶԼՄ-ների բոլոր հարցերի կպատասխանեն, իրենց առաջիկա քայլերի մասին կխոսեն քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը՝ օգոստոսի 23-ին, ժամը 18։30-ին Կասկադի վերնամասի, 50-ամյակի հուշակոթողի հրապարակում։ Նշենք սակայն, որ ընտրացուցակի առաջին համարը Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է։
ԼՐԱՑՈՒՄ․ «Սիրելի երևանցիներ և լրագրողներ, քանի որ Երևանը մաս-մաս բաժանված է ինչ որ մարդկանց և միայն քաղաքապետարանին ուղարկված իրազեկումից հետո պարզվեց, որ Ազատություն պողոտայի 50 ամյակի հուշարձանը ևս ինչ որ մեկի սեփականությունն է, ուստի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեր միջոցառումը տեղափոխվում է դիմացի մայթ՝ «Հաղթանակ» զբոսայգու կենտրոնական մուտքի մոտ։
«Հանրապետություն» կուսակցություն»։
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը ևս օրակարգ չի ներկայացրել։ Ընտրացուցակի առաջին համար Երվանդ Թարվերդյանն ավելի վաղ հայտարարել է, որ ընտրապայքարը «հարձակողական» է լինելու, քանի որ նրանք 10 համարի տակ են «խաղալու», բայց ոչ ագրեսիվ։
«Մեր քաղաքական ուժը ծրագրեր է ներկայացնելու և քաղաքացիների հավատն է փորձելու դեպի իրեն գոչել»,-ավելի վաղ հայտարարել է նա։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այսօր առավոտյան հրապարակել է նախընտրական հոլովակը, որտեղ ընտրացուցակի առաջին համար Դավիթ Խաժակյանը ներկայացնում է ավագանու անդամի պաշտոնում իր ունեցած փորձառությունը, խոստանում է վերացնել համատիրությունները, բեռնաթափել քաղաքը, նվազեցնել փոշու մակարդակը, ներդնել քաղաքի մաստեր պլան, ավարտին հասցնել տրանսպորտային բարեփոխումները։
Ընտրացուցակի առաջին 3 համարները իրենց քարոզարշավ սկսել են Արշակունյաց պողոտայից։ Նրանք հանդիպել են քաղաքացիների հետ և պատասխանել լրագրողների հարցերին․ «Ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին համարում եմ մրցակից, բոլորին հարգանքով եմ մոտենում, ծրագրերը կարդացել եմ, բայց այս ընտրություններում քաղաքական ուժերի շանսերը գնահատելու են երևանցիները»։
Երևանի ավագանու ընտրություններին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քվեաթերթիկի համարը 12-ն է։ Ընտրացուցակի առաջին համարը Սուրեն Պետրոսյանն է։ Կարգախոսն է՝ «պայքարի՛ր, Երևան»։ Քաղաքական ուժի նախընտրական օրակարգի մասին, այս պահին, որևէ բան հայտնի չէ։
«Ապրելու երկիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը սկսել է Արաբկիր վարչական շրջանից։ Ընտրացուցակի առաջին համար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ իր մարտավարությունն անկեղծությունն է լինելու:
«Ես երևանցիների հետ խոսելու եմ ուղիղ, բաց, ինչպես արել եմ միշտ: Այս անգամ պետք է անեմ այնպես, որ նաև լսեն ու հավատան, քիչ է իմ անկեղծ լինելը, ես պետք է կարողանամ այնպես անել, որ այդ անկեղծությունը տեղ հասնի»,-հայտարարել է Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Մայր Հայաստան» դաշինքն իր նախընտրական արշավը սկսել է Հաղթանակի զբոսայգուց՝ «Մայր Հայաստան» արձանի մոտից։ Առաջին համարն Անդրանիկ Թևանյանն է․ «Հաղթանակի ու խաղաղության խորհրդանիշից մեկնարկում ենք մեր քարոզարշավը»։
Դաշինքը քաղաքացիներին հրավիրում է Շարլ Ազնավուրի հրապարակ, ժամը 19:00-ին հանրահավաք է լինելու։ Քաղաքական ուժի ընտրացուցակի 2-րդ համարը ավագանու նախկին անդամ Զարուհի Փոստանջյանն է։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները՝ ըստ համարների.
- «Հանրային ձայն» կուսակցություն,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
- «Արդար Հայաստան» կուսակցություն,
- «Հաղթանակ» կուսակցություն,
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն,
- Հայաստանի եվրոպական կուսակցություն,
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն,
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
- «Հանրապետություն» կուսակցություն,
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն,
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
- «Ապրելու երկիր» կուսակցություն,
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք։