Խնդրում եմ` արցախցի երեխային մի թիրախավորեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հազար ու մի պատճառ ու խնդիր կա, որ տարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել, բայց հիշեք, որ այս երեխան, իր հասակակիցները ու նրանց նման շատ շատերն Արցախում հսկայական հոգեբանական ճնշման տակ են եղել:
Այն դժոխային օրերը, որոնք նրանք են ունեցել, Արցախում չգտնվողներիս համար դժվար է պատկերացնել:
Վերջն այս մարդիկ տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները նույն անցակետից իրենց հայրենակցին առևանգել ու այդ հոգեվիճակում ու տարիքում որևէ մեկս չգիտենք, թե ոնց կվարվեինք:
Այլ բան է, որ Արցախից Հայաստան մեկնող անձանց հետ պետական մարմիններն անհրաժեշտ աշխատանք չեն տարել, իսկ հետևանքն ադրբեջանական տեսանյութն է:
Կրկնում եմ` մեկ այլ իրավիճակում, միգուցե, շատ ասելիք լիներ, բայց այս պահին այդ թեման շրջանցելու պատճառները գերակշռող են»,-գրել է նա:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները ապօրինի տեղադրված անցակետում Արցախից Հայաստան եկող երեխաներից մեկին են մոտեցել և հարցեր տվել, որը ներկայացրել են, թե իբր արցախցիները անխոչընդոտ անցնում են անցակետով և նրանք շատ «գոհ» են։