Ինչպե՞ս վարորդը պետք է անցնի խաչմերուկը

Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասը հատող հետիոտներին և հեծանվային արահետով շարժվող հեծանվորդներին:

Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե այնտեղ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը:

Կարգավորվող խաչմերուկներ

Այն խաչմերուկը, որտեղ երթևեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշաններով, համարվում է կարգավորվող:

Լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին: Նույն կանոնով պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները միմյանց հետ:

Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին:

Եթե կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, ապա, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի տրամվայը: Սակայն լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին:

Վարորդը պետք է ճանապարհը զիջի խաչմերուկի անցումը և երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած հետիոտներին և տրանսպորտային միջոցներին, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել