Ազատազրկում՝ նապաստակ գողանալու համար

Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Կարեն Կարապետյանը մեղադրվում է այն բանում, որ  2012 թվականի մարտ ամսին,  ցանկապատն անցնելով,  ապօրինի մուտք է գործել նույն գյուղի բնակչուհի Արմինե Վիրաբյանի տան բակ, այնուհետև` անասնագոմ և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի հասնող` 200 հազար դրամի 37 նապաստակ,  որոնք տեղավորել է նախապես իր հետ վերցրած պարկերի մեջ և տարել տուն:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալը ցուցմունք  տալիս հայտնել է, որ 2012 թվականի մարտ ամսին ,կոնկրետ օրը չի հիշում, խմել է մի քանի բաժակ օղի և Հայանիստ գյուղի բնակիչ Արմինե Վիրաբյանի անասնագոմի դռան մոտ տեսնելով նապաստակներ`  բռնել և լցրել է պարկերի մեջ: Այդ ընթացքում նապաստակներից մի քանիսը փախել են գոմից, իսկ ճանապարհին մի քանիսը փախել են պարկից:  Երբ հասել է  տուն` նկատել է, որ նապաստակներից մի քանիսը սատկել են, մնացել է մոտ  տասը, որոնք էլ  վաճառել է 8 հազար դրամով:

Նույն թվականի հունիս ամսին ամբաստանյալը որոշում է ևս մեկ գողություն կատարել: Մտնելով  համագյուղացի՝ Նվարդ Խաչատրյանի տուն՝  գողացել է 157 հազար դրամի գույք:

Առաջադրված այս մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ  քննիչի մոտ ընդունել է իր մեղքը, քանի որ ոստիկանությունում գտնվելով հոգեճնշված վիճակում վախեցել է:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նախկինում չդատված 35-ամյա Կարենի նկատմաբ ոստիկանությունում որևէ բռնություն չի գործադրվել:

Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել միայն նապաստակներ գողանալու համար:

Վերոհիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռեց Կարեն Կարապետյանին մեղավոր ճանաչել առաջադրված երկու մեղադրանքներում էլ և դատապարտել 6 տարի ազատազրկման:

Այս պահին գործը քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել