Անահիտ Մանասյանը 1 ամիս առաջ նամակ է ուղարկել Ադրբեջանի օմբուդսմենին, սակայն դեռ արձագանք չի ստացել

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտնեց, որ դեռևս 1 ամիս առաջ նամակ է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, սակայն դեռ արձագանք չի ստացել:

Անդրադառնալով Արցախում հումանիտար աղեցի առնչությամբ միջազգային կառույցների արձագանքին՝ Մանասյանն ասաց. «Այստեղ կարիք կա գործուն քայլեր ձեռնարկելու: Շատ կարևոր է, որպեսզի միջազգային դերակատարները նաև գործուն քայլեր ձեռնարկեն՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում խոսել առնվազն երաշխավորված իրավունքների մասին: Մենք պետք է ունենանք հիմնարար իրավունքների լիակատար պաշտպանություն և երաշխավորում»:

Անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետից Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին գերեվարելուն, Մանասյանն ասաց.

«Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անձը, փաստացի, ազատությունից զրկվել է մարդասիրական առաքելության իրականացման համատեքստում: Երբ նա մարդասիրական պաշտպանության ներքո գտնվող անձ էր: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ, և անձը զինվորական ծառայության է անցել շատ ավելի ուշ, քան նրան մեղսագրվող արարքն է կատարվել»:

Անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում Ադրբեջանի ներկայացուցչի էժանագին ելույթին, որում ներառված էին արցախցիների իբրև թե «լավ» ապրելակերպը և հարցին, թե այս ընթացքում ի՞նչ գործուն քայլեր է անում ՀՀ ՄԻՊ-ը, Մանասյանն ասաց. «ՄԻՊ-ը արտահերթ զեկույցներ է հրապարակել, որտեղ շատ մանրամասն ներկայացված է իրավիճակը Արցախում: Այդտեղ ոչ թե ընդհանրական ձևակերպումներ են, այլ քանակական և վիճակագրական տվյալներ են ներկայացված, որակակական վերլուծություններ են արված, մասնավորապես, եզրահանգումներ թե որ հիմնարար իրավունքների հետ կապված են խնդիրներ առաջ գալիս: Մենք 2 շաբաթը մեկ պարբերականությամբ մեր միջազգային գործընկերներին ուղարկում ենք իրավիճակի հետ կապված հիմնական զարգացումները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել