Մեղրը, մինչև դրա իրացումը, անցնում է անասնաբուժասանիտարական փորձաքննության, որը կատարում են լիցենզավորված անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք: Փորձաքննության չենթարկված մեղր մթերելու, վերամշակելու, իրացնելու համար ֆիզիկական ու իրավաբանական անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Մեղրը փորձաքննության ենթակա է հեղուկ կամ բյուրեղացված վիճակում կամ ամբողջական մեղրախորսխով, եթե սերեկված է (մեղրախորսխի բջիջների` մեղրով լցվածությունը և փակվածությունը) մեղրախորսխի առնվազն 2/3-ը:
Մթերման, վերամշակման, իրացման ենթակա է փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն ստացած մեղրը, որը լինում է`
ա) ըստ ծագման` ծաղկային` նեկտարային և մեղրացողային` բույսերի առողջ մասերի կամ բույսերով սնվող միջատների արտազատուկներից ստացված.
բ) ըստ արտադրության տեսակի`
մեղրամոմային` թարմ կառուցված, չձվադրված մեղրախորսխի բջիջներում մեղուների կողմից պաշարված մեղր, որն իրացվում է փակ ամբողջական մեղրահացի կամ դրա կտորների տեսքով,
չորացրած` մեղրով լցված, չձվադրած, չծածկված, չորացված մեղրամոմը,
ճնշված` 450 C-ից ոչ բարձր ջերմաստիճանում չձվադրած մեղրամոմի սեղմումից ստացված մեղր,
զտված` օտար անօրգանական և օրգանական նյութերից մաքրման միջոցով ստացված մեղր,
արդյունաբերական` անծանոթ համ և հոտ ունեցող կամ մակարդված կամ գերտաքացված մեղր:
Փորձաքննության դրական եզրակացության արդյունքում պիտանի ճանաչված մեղրի իրացման համար տրվում է անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանիությունը հավաստող պիտակ, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը: Փորձաքննության արդյունքների հիման վրա իրացման համար ոչ պիտանի ճանաչված մեղրը վերադարձվում է իրացնողին:
Անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի է համարվում արդյունաբերական մեղրը:
Ամերիկյան և եվրոպական փտախտով, պարկավոր մեղվաորդով, պարալիչով, սեպտիցեմիայով, հաֆնիոզով, ասպերգիլոզով, ասկոսֆերոզով, ակարոզով, վարոատոզով, տրոպիլելապս ինֆեստացիայով հիվանդ փեթակներից ստացված, խմորման կամ մակարդման նշաններով, կեղծված, տաքացման արդյունքում ֆերմենտային ակտիվությունը կորցրած, մեխանիկական խառնուրդներ, հակաբիոտիկներ պարունակող, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով կամ միջազգային չափորոշիչներով սահմանված ջրի, դիաստազայի, ընդհանուր թթվայնության, ինվերտ շաքարների, սախարոզայի, ծաղկափոշու, հանքային աղերի, ռադիոակտիվության թույլատրելի մակարդակը գերազանցող, հիդրոօքսիլմեթիլֆուրֆուրոլի նկատմամբ դրական հակազդած մեղրն անասնաբուժասանիտարական տեսակետից ոչ պիտանի է, և այդպիսի մեղրի իրացումն արգելվում է: