Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ իրենք փակում են ճանապարհ, որով կխոչընդոտեն ռուս խաղաղապահների ազատ տեղաշարժը։
Նա կոչ է անում արցախցիներին միանալ ինքնաբուխ ակցիային։
Նրա խոսքով՝ իրենք երեխաների համար սնունդ, կոնֆետ, իրենց համար ծխախոտ պետք է պահանջեն հենց խաղաղապահներից։
«Մենք գիշերը կմնանք այտեղ։ Քնից արթնացեք, մեզ հետ ցեղասպանություն է կատարվում, բազմաթիվ հղի կանայք կորցրել են իրենց չծնված երեխային, դա հենց ցեղասպանություն է։ Իսկ սովի մասին խոսելն է անգամ սարսափելի։ Մենք մեր պահանջները պետք է ներկայացնենք Լենցովին (Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցով- խմբ․),-նշում է նա։
Նա բարձրախոսով դիմեց ռուս խաղաղապահներին՝ նշելով, որ մահացության դեպքերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խղճին են։
«Նա ղարաբաղցիներին խոստացավ արժանապատիվ կյանք, բայց իր խոսքը չպահեց»,-նշեց Օսիպյանը։
Ռուս խաղաղապահներին դիմելուց հետո նա դիմեց արցախցիներին։
«Հավաքվեք օդանավակայանի մոտ՝ շատանանք, շատանանք, տեսնենք՝ այդ ո՞նց է ստացվում, որ թուրքերը եկել են այստեղ ու իրենք են վերահսկում։ Մենք մեր երկրում չենք կարողանում հարց լուծել։ Մինչև ե՞րբ ենք սպասելու։ Վիճակը ծանր է, բայց հետագայում ավելի ծանր է լինելու։ Մի պահ է, եկեք մեր վերջին ուժերը հավաքենք, ոտքի կանգնենք, այդ մի պահն է, եկեք անենք։ Շուշին էլ ենք այսպես հանձնել, եթե վերջին պահին կանգնեինք, պայքարեինք Շուշին էլ կպահեինք։ Այսօր է, վաղն է, ոտքի կանգնեք Արցախը փրկենք»,-ասաց Արթուր Օսիպյանը։
Հիշեցնենք, որ Արցախում այսօր՝ օգոստոսի 15-ին, սովամահության դեպք է արձանագրվել։ 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։