ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնի փոփոխություն է նախատեսվում։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների միաձուլման միջոցով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ստեղծման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ակադեմիայի պետի պաշտոնը նախատեսել «գեներալ-լեյտենանտ» կոչումային դասակարգմամբ պաշտոնների խմբում՝ հաշվի առնելով ակադեմիայի նպատակները և գործունեության ծավալները:
Այդ նպատակով, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի զինվորական պաշտոնը հանվում է բարձրագույն հրամանատարական հիմնական պաշտոնների 4-րդ խմբից և որպես Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետի զինվորական պաշտոն՝ ներառվելու է է ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ բարձրագույն հրամանատարական զինվորական պաշտոնների 1-ին խմբի հիմնական պաշտոնին հավասարեցված զինվորական պաշտոնների ցանկում: Այդ կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջացել բարձրագույն հրամանատարական հիմնական պաշտոնների 4-րդ խմբի հիմնական պաշտոն սահմանել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի զինվորական պաշտոնը:
Որոշման նախագծի համաձայն Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի զինվորական պաշտոնը հանվում բարձրագույն հրամանատարական հիմնական պաշտոնների 4-րդ խմբից և այդ խմբի հիմնական պաշտոն է սահմանվում Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի զինվորական պաշտոնը: