Մենք խնդիր չենք դրել ընկնել փոքր շրջանառություն ունեցողների հետևից. Նիկոլ Փաշինյան

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ապահովագրական գործակալները և ապահովագրական բրոքերները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Փոփոխության արդյունքում՝ շրջանառության հարկ վճարողները Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի և կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռք բերման մասով:

Օրինագծով սահմանվում է, որ հարկային մարմինը չափագրումներ կարող է իրականացնել նաև ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Համապատասխան լրացման արդյունքում հարկային մարմինը կարող է հարկ վճարողների մոտ ապրանքների պակասորդի առկայությունը պարզել նաև ընտված ապրանքների գծով: Նախատեսվում է նվազեցնել օրենսգրքի 346-րդ հոդվածում 100 միլիոն դրամի շեմը՝ սահմանելով 24 մլն դրամ՝ ստեղծելով հնարավորություն շրջանառության հարկ վճարողների նկատմամբ ևս սահմանված դրույթները կիրառելու համար։ Հաշվի առնելով այն, որ ընդլայնվում է հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվարկային փաստաթղթերի և տեղեկությունների շրջանակները՝ առաջարկվում է դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը նույնպես կատարել էլեկտրոնային եղանակով: Շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու դեպքում նախատեսվում է սահմանել տուգանք՝ այդ ապրանքների ձեռք բերման գնի (արժեքի) 20 տոկոսի չափով: Նույն խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում սահմանել տուգանք՝ ապրանքների ձեռք բերման գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:

Օրինագծով նախատեսվում է սահմանել, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում կամ հարկ վճարողը oրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից հաշվարկել է եկամտային հարկը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն։ Ընդ որում, վերոնշյալ հայտարարությունը պետք է ներկայացված լինի համապատասխան պայմանագրի կնքման օրը ներառող հարկային տարվա ընթացքում։

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ռազմավարական մոտեցումն է՝ փոխել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն իրենց իսկ կողմից վճարվող հարկերի նկատմամբ:

«Մենք կրկնապատկում ենք ուսուցիչների աշխատավարձերը, կրկնապատկում ենք զինծառայողների աշխատավարձերը, կրկնապատկում ենք ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերը, ռազմական ծախսերը էականորեն ավելացնում ենք, կառուցում ենք ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այդ ամեն ինչը արվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Մենք օրինակ՝ 2023թ պետական բյուջեով նախատեսված է, որ ավելի քան 170մլրդ դրամի աջակցություն պետք է ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղին։ Այս բոլոր ծրագրերը մենք այսպես թե այնպես անում ենք, և մենք ոչ միայն նախատեսված բյուջետային հարկային եկամուտների հավաքագրման խնդիրներ չունենք, այլև ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի առաջին կիսամյակի հարկային եկամուտները գերակատարել ենք շուրջ 50 մլրդ դրամով, բայց նաև արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է էական ստվեր գոյություն ունենալ։ Ուզում եմ արձանագրենք՝ ինչքան մեծ է ստվերը, այնքան փոքրանում են Հայաստանի Հանրապետության զարգացման հնարավորությունները։ Մենք որոշել ենք և վճռական ենք այդտեղ՝ պետք է գնանք ստվերի հետևից և պետք է կրճատենք այնքան, որքան դա ընդհանրապես տեսականորեն և գործնականում հնարավոր է: Մենք խնդիր չենք դրել ընկնել փոքր շրջանառություն ունեցողների հետևից: Տեսնում ենք, որ մեծ շրջանառություններ ունեցողները շատ դեպքերում այս մեխանիզմի կիրառմամբ խուսափում են հարկային պարտավորություններից»,- ասել է վարչապետը:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարձակալության դեպքերին. «Երբ մարդիկ բնակարան են վարձակալության տալիս և եկամուտ են ստանում այսօր գործող օրենքով: Մենք օրենքի կարգավորման մեջ բան չենք փոխում: Այսօր գործող օրենքով պետք է եկամտային հարկ վճարեն: Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, ովքեր բնակարան են տվել վարձով և հարկ չեն վճարել, արդեն իսկ օրենքը խախտել են: Հիմա մենք փորձում ենք այդ վարչարարությունն ուժեղացնել»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ օրինագծով շատ կարևոր սկզբունքային որոշում է կայացվում, որը կարող է հանրային դժգոհություն առաջացնել: «Այո, կարող է դժգոհություն առաջացնել, եթե մարդկանց վերաբերմունքն իրենց կողմից վճարվող հարկերի, չփոխվի: Դա ոչ թե գումար է, որ մարդիկ իրենց գրպանից հանում տալիս են կառավարությանը, այլ իրենք իրենց մի գրպանից հանում և դնում են մյուս գրպանը, որովհետև իրենց ամենամեծ և ամենակարևոր գրպանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, որով իրենց բազմաթիվ կարիքներ բավարարվում է: Այլ բան, որ քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք մեզանից ակնկալելու, որ պետական բյուջեի միջոցները ծախսվեն առավել որակով, առավել արդյունավետ, կոռուպցիայի դեմ պայքարը լինի սկզբունքային, ինչը նույնպես մեր քաղաքական ուղեգիծն է»,-ասել է վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել