Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն նշանակել այն գործատուների նկատմամբ, ովքեր չեն կատարում Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ գործատուն պարտավոր է ստույգ հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և շաբաթական աշխատաժամանակը, ըստ որի՝ կապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել սույն օրենսգրքի 17-րդ գլխով (արտաժամյա աշխատանքի տևողություն, հանգստյան օրը կատարված աշխատանք) սահմանված նորմերի պահանջների կատարումը:
Նախատեսվում է սահմանել, որ գործատուի կողմից աշխատողների օրական և շաբաթական աշխատաժամանակի թղթային կամ էլեկտրոնային տարբերակով հաշվառումը չիրականացնելը կպատժվի տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նշված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
«Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում բազմաթիվ են դեպքերը, երբ գործատուներն աշխատողների օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի հաշվառում չեն իրականացնում, ինչի արդյունքում անհնարին է դառնում ոչ միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը պարզելը (արտաժամյա աշխատանքի տևողություն, հանգստյան օրը կատարված աշխատանք), այլ նաև՝ աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողությունը։ Ընդ որում, աշխատաժամանակի հաշվառում չիրականացնելը շատ դեպքերում պայմանավորված է տվյալ խախտման համար Օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված «նախազգուշացում» վարչական տույժով, որը ներգործության արդյունավետ միջոց չի հանդիսանում և հիմնականում չի ապահովում այն պարտականության կատարումը, որը չկատարելու համար նշանակվել էր նախազգուշացումը, ինչպես նաև՝ չի համապատասխանում կատարված վարչական իրավախախտման բնույթին, անհրաժեշտ և համարժեք չէ աշխատանքային օրենսդրությամբ հետապնդվող նպատակին»,-նշվում է հիմնավորման մեջ։