Սահմանվել է ՊՆ կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը

Կառավարությունը օգոստոսի 11-ի նիստին որոշում է ընդունել, որով սահմանվել է կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման համաձայն՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կարգապահական կայազորային մեկուսարանում պահվելու են ձերբակալվածները, կալանավորվածները, ինչպես նաև դատապարտված զինծառայողները: Որոշման նախագծի համաձայն՝ սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը, կարգապահական կայազորային մեկուսարանի գործունեության և մեկուսարանում ձերբակալման կամ կալանավորման կամ պատժի կրման հետ կապված հարաբերությունները:

Կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգի ընդհանուր դրույթների համաձայն․

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական կայազո­րային մեկուսարանի՝ (այսուհետ՝ մեկուսարան) ներքին կանոնակարգը (այսուհետ՝ ներքին կանոնակարգ) սահմանում է օրենսդրությամբ սահմանված՝ ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատժի դատապարտված զինծառայողների (այսուհետ նաև՝ ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայող) մեկուսարան ընդունելու կարգը և պայմանները, օրվա կարգացուցակը, ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների իրավունքների իրականացման երաշխիքները, տեսակցության տրամադրման, հեռախոսակապից օգտվելու, նամակագրության վարման կարգը և պայմանները, խրախուսանքների և տույժերի կիրառման կարգը, խուզարկություն և զննություն կատարելու, դրանց արդյունքով վերցված առարկաների և իրերի պահման ու տնօրինման կարգը, այն առարկաների և իրերի ցանկը, որոնք ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին արգելված են, հանձնուքների և փաթեթների հանձնման կարգը, մեկուսարանում պահելու կատարման և պայմանների հետ կապված այլ հարաբերություններ:
  • Ներքին կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է մեկուսարանի վարչակազմի, ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների, ինչպես նաև կարգապահական մեկուսարան այցելող յուրաքանչյուր անձի համար:
  • Ներքին կանոնակարգի պահանջների կատարումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության (այսուհետ՝ ռազմական ոստիկանություն) մեկուսարանի պետը կամ նրա պարտականությունները կատարող անձը:

Ձեզ ենք ներկայացնում Կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգի մի քանի կետեր։

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

  1. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների մեկուսարան ընդունելու հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձերբակալման մասին որոշումն ու ձերբակալման մասին արձանագրությունը, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու դատական ակտը և այն կատարման հանձնելու մասին կարգադրությունը, կարճաժամկետ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը: Միաժամանակ, անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: Մեկուսարան ընդունելու մասին կազմվում է արձանագրություն՝ համաձայն ձև N 1, որում պարտադիր նշվում են ձերբակալման կամ կալանավորման կամ դատապարտման հիմքերը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված արարքի կատարման համար զինծառայողը ձերբակալվել է կամ կալանավորվել է կամ դատապարտվել է, արձանագրության կազմման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը և վայրը: Միաժամանակ, կազմվում է նաև արձանագրություն՝ մեկուսարան ընդունված անձի հանդերձանքի և անձնական իրերի մասին` համաձայն ձև N 2-ի:
  2. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերը թերի կամ խախտումներով լրացված լինելու, ինչպես նաև թվարկված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում անձը մեկուսարան չի ընդունվում:
  3. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները մեկուսարան են ընդունվում ցանկացած ժամի: Մեկուսարանի հերթապահը ստուգում է հիմքերը, հարցման միջոցով պարզում փաստաթղթային տվյալների իսկությունը, այնուհետև համապատասխան գրանցում է կատարում հաշվառման գրանցամատյանում և անհատական քարտում: Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների խումբ ընդունելու դեպքում նրանք տեղավորվում են անձնական խուզարկության սենյակի խցերում՝ ոչ ավել քան 2 ժամ տևողությամբ:
  4. Յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի վերաբերյալ մեկուսարանում կազմվում և վարվում է անձնական գործ, որում ներառվում են`

1) ձերբակալման կամ կալանավորման կամ դատապարտման, ինչպես նաև ազատման կամ պատժի կրման ժամկետի ավարտման ամսաթվերը,

2) անհատական քարտը,

3) անձնական խուզարկության մասին արձանագրությունը,

4) մատնադրոշմման տվյալները,

5) հանձնուքի, տեսակցության մասին դիմումները,

6) այլ վերաբերող փաստաթղթեր:

  1. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները մեկուսարան ընդունվելիս օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր ենթարկվում են անձնական խուզարկության, իսկ նրանց մոտ գտնվող իրերը՝ զննության: Անձնական խուզարկության մասին կազմվում է արձանագրություն համաձայն՝ ձև N 3-ի:
  2. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները մեկուսարան ընդունվելիս մեկուսարանի հերթապահ բժշկի (բուժակի) կողմից ենթարկվում են բժշկական զննության՝ անհապաղ: Բժշկական զննության և ցուցաբերված բժշկական օգնության մասին կատարվում է գրառում համապատասխան բուժմատյանում: Բժշկական զննության մասին կազմվում է արձանագրություն՝ համաձայն ձև N 4-ի,
  3. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները ենթարկվում են նաև մատնադրոշման և լուսանկարման:
  4. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների մոտ թողնվում են այն առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք թույլատրվում է պահել նրանց մոտ՝ խցերում, ներքին կանոնակարգով սահմանված քանակությամբ և տեսականիով: Ստացված ծանրոցները, հանձնուքները, սննդամթերքը, իրերը ենթարկվում են զննության և ստուգման՝ մեկուսարանի ծառայողի կողմից: Առգրավված արգելված առարկաները, իրերը և սննդամթերքն ընդունվում են պահպանության կամ ոչնչացվում են, իսկ անհրաժեշտության դեպքում ուղարկվում են փորձաքննության, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն: Առգրավված դրամը, արժեթղթերը, թանկարժեք իրերը, անձնական իրերն ի պահ են հանձնվում մեկուսարանի հերթապահ մասի պահասենյակ: Անձնական փաստաթղթերը, նամակները, ծոցատետրերը, լուսանկարները, առգրավված առարկաները և իրերը, շքանշաններն ու մեդալները, որոնց պատկանելությունը պարզված չէ, փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնին:
  5. Հայտնաբերված ալկոհոլային խմիչքները, սպիրտային հիմքեր ունեցող այլ նյութերը, խաղաթղթերը խմորիչը, տնային պայմաններում պատրաստված պահածոները, պոռնոգրաֆիկ նյութերը և իրերը ոչնչացվում են, որի մասին կազմվում է արձանագրություն՝ դրանում նշելով նաև ոչնչացման եղանակը:
  6. Մեկուսարան ընդունելուց անմիջապես հետո մեկուսարանի վարչակազմը ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին տեղեկացնում է նրա իրավունքների և պարտականությունների, ներքին կանոնակարգի, ձերբակալման կամ պատիժը կրելու կարգի ու պայմանների, ինչպես նաև ձերբակալման կամ կալանավորման կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, նրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, համապատասխան դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու կարգի մասին, որի տեղեկանքը՝ համաձայն N 5 ձևի, հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ: Նշված տեղեկանքը կցվում է նրա անձնական գործին, իսկ ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի պահանջի դեպքում նրան տրամադրվում է տեղեկանքի պատճենը:
  7. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողը անձնական խուզարկու­թյունից հետո մեկուսարանի հերթապահի կողմից ծանոթացվում է ներքին կանոնակարգի և օրվա կարգացուցակին, որից հետո ձերբակալված զինծառայողին տեղաբաշխում է մենախցում, իսկ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին՝ խցում:
  8. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին մեկուսարան ընդունելուց հետո մեկուսարանի վարչակազմը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղյակ պահել նրա կողմից նշված անձին կամ նրա մերձավոր ազգականներին:

 

 ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները պահվում են հաշվի առնելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 31-րդ հոդվածի և «Քրեակատարողական օրենսգրքի» 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:
  2. Ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների վրա տարածվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով, իսկ դատապարտված զինծառայողների վրա՝ «Քրեակատարողական օրենսգրքի» 13-րդ գլխով նախատեսված պատժի կատարման պայմանները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  3. Դատապարտված կին զինծառայողներին հնարավորության դեպքում ապահովվում է շփում երեխայի հետ՝ հաշվի առնելով մեկուսարանի բնականոն աշխատանքը չխաթարելու և տվյալ անձի վրա տարածվող սահմանափակումները չխախտելու անհրաժեշտությունը:

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ

  1. Մեկուսարանում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, կլիմայական պայմանները և այլ հանգամանքներ: Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, ավարտակոչի, զբոսանքի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման համար նախատեսված ժամերը:
  2. Օրվա կարգացուցակը ձերբակալված կամ կալանավորված կան դատապարտված զինծառայողների համար նախատեսում է ութժամյա գիշերային պարտադիր քուն։
  3. Նմուշային օրինակին համապատասխան մշակված օրվա կարգացուցակը (ձև N 6) հաստատվում է ռազմական ոստիկանության պետի կողմից և տեղեկացվում է մեկուսարանի անձնակազմին և փակցվում է խցերում։
  4. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով՝ հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 16-րդ հոդվածի և «Քրեակատարողական օրենսգրքի» 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները։
  5. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողը իր ցանկությամբ կարող է չօգտվել զբոսնելու իրավունքից։ Զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է մատյանում՝ համաձայն N 7 ձևի։
  6. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողը իրավունք ունի զբոսանքի ժամանակահատվածում զբաղվելու չարգելված ցանկացած գործողությամբ։
  7. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների զբոսանքը իրականացվում է մեկուսարանի վարչակազմի հսկողությամբ։
  8. Մեկուսարանում կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն՝ մեկուսա­րանի պետի կողմից հաստատված հերթապահության ժամանակացույցին համապա­տասխան։

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

  1. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների վարքագծի կանոնները բխում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նրանց իրավունքներից և պարտականություններից։
  2. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների իրավունքների և պարտականությունների իրականացումը չպետք է խախտի մեկուսարանում գտնվելու և պատժի կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։ Դատապարտված զինծառայողն օրենքով սահմանված իրավունքներից բացի իրավունք ունի տնօրինելու օրակարգով իրեն հատկացված ազատ ժամանակը:
  3. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին մեկուսարանի վարչակազմը դիմում է «Դուք»-ով և կոչում «քաղաքացի» կամ՝ համապատասխանաբար «ձերբակալված» կամ «կալանավորված» կամ «դատապարտյալ»՝ ավելացնելով ազգանունը, կամ կոչում «պարոն» կամ «տիկին»՝ ավելացնելով «զինվորական կոչումը»։ Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողն մեկուսարանի վարչակազմի ներկայա­ցու­ցիչներին դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»՝ ավելացնելով զինվորական կոչումը կամ ազգանունը։
  4. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին արգելվում է՝

1) իր մոտ ունենալ կամ խցում պահել սույն կանոնակարգով նախատեսված արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք,

2) խցի կամ զբոսանքի վայրի սահմաններից դուրս նետել որևէ իր կամ վերցնել այդ տարածքում հայտնաբերված իրը,

3) կիպ մոտենալ խցի կամ կացարանի դռան դիտանցքին և փակել այն, կատարել խցում գտնվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելուն խոչընդոտող այլ գործողություններ,

4) փչացնել մեկուսարանի օգտագործման համար տրված իրերը, պատերի վրա նշումներ կամ գրառումներ անել, նկարել, թղթեր փակցնել, վնասել իրավական ակտերից կատարված և փակցված քաղվածքները, տեղեկատվության նպատակով փակցված ցուցանակները,

5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից կամ սարքավորումներից,

6) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` մեկուսարանի տարածքում պահել կենդանիներ, զբաղվել բանջարաբուծությամբ և սենյակային բուսաբուծությամբ, ստեղծել կենդանի բնության անկյուններ,

7) օգտագործել ալկոհոլային խմիչքներ, թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 15-ի թիվ 17-Ն հրամանով նախատեսված՝ բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման դեպքերի,

8) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` փոխել անհատական քնելու տեղը կամ վարագուրել այն,

9) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` կատարել սանհանգույցի կամ խցի կամ կացարանի լուսավորության վերանորոգման աշխատանքներ,

10) հրաժարվել կամ խուսափել մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի օրինական կարգադրությունների կատարումից,

11) կազմակերպել և անցկացնել հրապարակային միջոցառումներ,

12) խախտել տեղաշարժման համար նախատեսված վայրերի սահմանները,

13) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` գտնվել այլ խցերում,

14) զբաղվել մոլախաղերով,

15) նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով զբաղվել թույլատրելի խաղերով,

16) սնունդ պատրաստել և օգտագործել դրա համար չնախատեսված վայրերում,

17) անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը,

18) նշանակված աշխատանքի կատարման վայրում պահել սննդամթերք,

19) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` ճաշարանից դուրս բերել սննդամթերք:

  1. Դատապարտված զինծառայողին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման մեկուսարանի սահմաններից դուրս տեղաշարժվելու մասին մեկուսարանի պետի կողմից կայացվում է որոշում, որի մեջ նշվում են դատապարտված զինծառայողի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, հոդվածը, որով նա դատապարտվել է, պատժի փաստացի կրած ժամանակը, կատարվող աշխատանքների բնույթը, տեղաշարժման ուղին և ժամանակը։ Որոշումը կցվում է դատապարտված զինծառայողի անձնական գործին։
  2. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողին տրվում է սահմանված նմուշի անցագիր` համաձայն N 8 ձևի:
  3. Մեկուսարանի վարչակազմն իրականացնում է անցագրերի հաշվառում` վարելով համապատասխան հսկողական մատյան, որում նշվում են անցագիր ստացած` դատապարտված զինծառայողի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, պատժի կրման սկիզբը և վերջը, տեղաշարժման ուղին ու ժամանակը, անցագիրը տալու օրը, գործողության ժամկետը և ծանոթագրություններ գործողության ժամկետի երկարաձգման մասին:
  4. Դատապարտված զինծառայողին առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել թույլատրվում է միայն անցագրում դրա համար նշված ժամերին և ուղիով: Դատապարտված զինծառայողի մեկուսարանի սահմաններից դուրս գալու և վերադարձի ժամանակը կարգավորվում է ըստ աշխատանքի բնույթի և տևողության:
  5. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողը բնակվում է մեկուսարանի վարչական սահմաններում` սահմանված կարգով հսկողության տակ գտնվող իրեն հատկացված վայրում: Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողներին կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս բնակվելն արգելվում է:
  6. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողը ոչ աշխատանքային ժամերին գտնվում է մեկուսարանի տարածքում, որի նկատմամբ տարածվում են ներքին կանոնակարգով սահմանված վարքագծի կանոնները:
  7. Մեկուսարանի պետի որոշման հիման վրա` դատապարտված զինծառայողը զրկվում է առանց պահախմբի կամ ուղեկցորդման կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս գտնվելու թույլտվությունից` այդպիսի թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողի կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքերում: Համապատա­սխան որոշման մեջ նշվում են դատապարտված զինծառայողի անվանական տվյալները և առանց պահախմբի կամ ուղեկցորդման կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տալու մասին որոշման վերացման հիմքերի համառոտ բովանդակությունը: Նշված դեպքում դատապարտված զինծառայողի անցագիրը վերցվում է և կցվում դատապարտված զինծառայողի անձնական գործին:
  8. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողը կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում պարտավոր է`

1) պահպանել տեղաշարժման ուղին և ժամանակը.

2) ժամանակին վերադառնալ և դրա մասին տեղյակ պահել մեկուսարանի վարչակազմին.

3) մեկուսարանի վարչակազմի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների առաջին իսկ պահանջով ներկայացնել անցագիրը, իսկ մեկուսարան վերադառնալուց հետո այն հանձնել կարգապահական մեկուսարանի վարչակազմի համապատասխան ներկայացուցչին.

4) անցագիրը չտրամադրել այլ անձանց:

  1. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողը կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում կարող է կրել տարվա եղանակին համապատասխան` սահմանված միասնական նմուշի կամ քաղաքացիական հագուստ:

 

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Ձերբակալված կամ կալանավորված զինծառայողը կարող է իր հաշվին օգտվել մեկուսարանի տարածքում տեղակայված հեռախոսակապից՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելքի բացակայության դեպքում:
  2. Դատապարտված զինծառայողին տրվում է մեկ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ հեռախոսակապից և մեկ անգամ տեսազանգից օգտվելու իրավունք՝ պետական միջոցների հաշվին: Հեռախոսակապից դատապարտված զինծառայողը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին: Բացի այդ, անձնական բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև իր երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարող է տրամադրվել լրացուցիչ հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու հնարավորություն:
  3. Հեռախոսակապը կազմակերպվում է տեղադրված քարտային հեռախոսակապի հանգույցների միջոցով, որոնց համար նախատեսված քարտերը ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողը կարող է ձեռք բերել իր հաշվին կամ ստանալ հանձնուքով կամ ծանրոցով:
  4. Հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է կարգապա­հական մեկուսարանի պետի սահմանած ժամանակացույցով: Հեռախոսակապից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն: Չի թույլատրվում գիշերային ժամերին հեռախոսակապից օգտվել: Արգելվում են ձերբակալված, կալանավորված և դատապարտված զինծառայողների միջև հեռախոսազրույց­ները:
  5. Մեկուսարանի պետը, հաշվի առնելով ներկայացված հիմնավոր պատճառաբա­նու­թյունը, կարող է երկարաձգել հեռախոսակապից օգտվելու տևողությունը` ևս 10 րոպեով:
  6. Հեռախոսակապից օգտվելու գործընթացը հաշվառվում է համա­պա­տասխան մատյանում, որում նշվում են հեռախոսակապից օգտվողի անվանական տվյալները, հեռախոսակապից օգտվելու հաճախականությունն ու տևողությունը:

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանավորված կամ դատապարտված զինծառայողի գրավոր դիմումի հիման վրա՝ կալանավորված զինծառայողի դեպքում՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իսկ դատապարտված զինծառայողի դեպքում՝ մեկուսարանի պետի կողմից: Որոշման մեջ նշվում են անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակու­թյունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, ինչպես նաև մեկնումը կարգապա­հական մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը:
  2. Դատապարտված զինծառայողին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև 3 օրացուցային օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը՝ անձնական բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով՝ չհաշված մեկնելու և հետ վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել 2 օրը: Կալանավորված զինծառայողի մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված զինծառայողին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում կալանավորված զինծառայողին կարող է տրամադրվել մինչև 7 օր տևողությամբ՝ չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը: Սույն կետում նախատեսված դեպքերում կարճաժամկետ մեկնումների ժամանակահատվածը հաշվարկվում է կալանավորման կամ դատապարտման ժամկետում:

ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ ԵՎ ՀԱՆՁՆԵԼԸ

Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողը կարող է ստանալ ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ, այդ թվում՝ բժշկի եզրակացությամբ դեղեր՝ համապատասխանաբար «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 22-րդ և «Քրեակատարողական օրենսգրքի» 81-րդ հոդվածների սահմանված պահանջներով:

Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի կողմից արգելված իրեր և առարկաներ թաքցնելը, ինչպես նաև նրանց այդպիսիք հանձնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերող անձը սահմանված կարգով լրացնում և ստորագրում է դիմում` համաձայն N 10 ձևի` մեկ օրինակից: Դիմումը, ինչպես նաև ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերողի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են մեկուսարանի աշխատողին: Զննությունը կատարվում է այն բերող անձի ներկայությամբ, որի ընթացքում հացամթերքը կտրվում է 2-3 մասի, հեղուկները լցվում են մեկուսարանի ապրանքաամանների մեջ, պահածոները բացվում և լցվում են մեկուսարանի ափսեների մեջ, ձկնեղենը, երշիկեղենը կտրվում են մի քանի մասի, սորուն սննդամթերքը լցվում է այլ ապրանքաամանների մեջ, կոնֆետները, թխվածքաբլիթները և նմանօրինակ այլ սննդամթերք ընդունվում են միայն բաց վիճակում` առանց փաթեթավորման: Ընդունելով ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթը, մեկուսարանի աշխատողն այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը` ընդունման մասին նշում կատարելով դիմումի վրա և գրանցամատյանում:

Ծանրոցները, հանձնուքները կամ փաթեթները չեն ընդունվում և վերադարձվում են բերողին հետևյալ դեպքերում`

1) ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի ազատ արձակման.

2) ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի մահվան.

3) օրենքով սահմանված նորմերին հանձնուքի քաշի անհամապատասխանության.

4) ծանրոցը, հանձնուքը և փաթեթը բերող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չներակայացվելու.

5) ծանրոցի, հանձնուքի և փաթեթի ընդունման մասին դիմումի սխալ ձևակերպման.

6) ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի կողմից ծանրոցը, հանձնուքը և փաթեթը ստանալուց հրաժարվելու.

7) կալանավորված կամ դատապարտված զինծառայողի` պատժախցում գտնվելու ընթացքում, եթե հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցը պարունակում են շուտ փչացող ապրանքներ:

Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի կողմից ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթն ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում, և այն վերադարձվում է բերողին, իսկ դիմումը կցվում է ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի անձնական գործին:

Հանձնուքները պետք է փոխանցվեն հասցեատիրոջը` այն ստանալուց մեկ ժամից ոչ ուշ:

Եթե կալանավորված կամ դատապարտված զինծառայողը գտնվում է պատժախցում, ապա նրա անունով ստացված հանձնուքները, փաթեթները և ծանրոցները վերցվում են պահպանության և նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո, բացառությամբ անձի առողջության պահպանման համար անհրաժեշտ, բժշկի կողմից գրավոր կերպով ցուցված և գործարանային փաթեթավորմամբ դեղերի: Այդ ընթացքում մեկուսարանի վարչակազմն ապահովում է ծանրոցների, հանձնուքների և փաթեթների պահպանությունը, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում:

Հանձնուքում առկա այն իրերը, առարկաները և սննդամթերքը, որոնք հասցեատիրոջը հանձնելու ենթակա չեն, վերադարձվում են բերողին:

Հանձնուքներն ընդունվում են ժամը 10:00-18:00-ն, և ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին դրանք հանձնվում են խցի դռան դիտանցքից` ինչպես ամենօրյա սնունդը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել