Մեր 30 տարվա այսքան պայքարն իզուր կդառնա․ Ծովատեղի գյուղապետն՝ այլընտրանքային ճանապարհի և շրջափակման մասին

Արցախի Հանրապետությունը 241 օր է գտնվում է տոտալ շրջափակման մեջ։

Թե ինչպես են ապրում մարդիկ այս պայմաններում, Iravaban.net-ի հետ զրույցում ներկայացրել է Արցախի Ծովատեղի գյուղապետ Սամվել Աբրահամյանը։

«Այս պահին ամենաշատը կա կարիք այն ամենի, ինչ-որ այստեղ չի արտադրվում՝ շաքարավազ, բրինձ, ծխախոտ, գրեթե ամեն ինչ։ Ոնց որ կարողանում ենք, այդպես էլ պահում ենք մեր երեխաներին»,-ասում է նա։

Սամվել Աբրահամյանը շեշտում է, որ բենզինի և դիզվառելիքի պակասի հետևանքով՝ զրկված են մայրաքաղաք Ստեփանակերտ հասնելու հնարավորությունից և դա ավելի է բարդացնում իրավիճակը։

Արցախում հումանիտար խորը ճգնաժամ է, գյուղապետը նշում է, որ բարեբախտաբար դեռ սովից մահացության դեպքեր իրենց գյուղում չեն գրանցվել։

«Պետք է արդեն աշնանացանի համար մտածենք, բայց չունենք դիզվառելիք։ Աշխատանքները կանգնած են։ Ադրբեջանական կողմն էլ է խոչընդոտում աշխատանքներին, կրակում են»,-ասում է Աբրահամյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է Արցախին Ակնայի (Աղդամի) այլընտրանքային ճանապարհով հումանիտար օգնություն հասցնելու մասին։

Ծովատեղի գյուղապետ Սամվել Աբրահամյանը նշում է, որ ադրբեջանական կողմից այս առաջարկը չլինելու բան է։

«Չի կարող լինել։ Մեր 30 տարվա այսքան պայքարն իզուր կդառնա։ Մեր այսքան զոհերի արյունը կդառնա, որ չի եղել և մենք կողքից դիտորդ կլինենք։ Եվ դա հնարավոր չի, իրենց հետ բարեկամություն անել»,-ասում է։

Անդրադառնալով ռուսական խաղաղապահ զորախբի գործողություններին` հումանիտար օգնությունը Արցախ հասցնելու վերաբերյալ, Ծովատեղի գյուղապետը նշեց, որ նրանց «ձեռքերը կապված են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել