ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ փոխնախագահ Արմեն Խաչատրյանն օգոստոսի 8-ին ԱԺ-ում հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին, ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին եւ դեսպանատան պատվիրակությանը:
Հանձնաժողովի նախագահը հյուրերին շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ երկու երկրների համագործակցության համար, կարեւորել կրթական ծրագրերի իրականացումը հատկապես ռազմական բլոկում:
«Դեռ 1990-ականներին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի այցը ՉԺՀ շատ էր կարեւորվել, այդ իսկ պատճառով այն ժամանակ մենք ռազմական օգնություն ստացանք: Նույն գործելաոճը դեռ շարունակվում է: 44-օրյա պատերազմից հետո մեր երկիրը փորձում է վեր հանել պարտության դասերը: Խաղաղության հասնելու համար մինչ օրս մեծ ջանքեր ենք գործադրում: Որպեսզի Չինական պարսպի տակ, ու, առհասարակ, աշխարհում խաղաղություն տիրի, պետք է, որ Հարավային Կովկասում խաղաղ լինի»,- ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Այս համատեքստում Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ մեր երկրի անվտանգային համակարգն ապահովում է ոչ միայն բանակը, այլեւ Ներքին գործերի նախարարությունը, Արտաքին հետախուզական ծառայությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձ է կատարել նաեւ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:
«Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն ամիսներ շարունակ շրջափակման մեջ են. ռազմական գործողությունները բացառելով՝ պետք է կարողանանք խնդրին լուծում տալ»,- ասել է պատգամավորը:
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգը Հայաստանի խորհրդարանականներին հայտնել է, որ հայ-չինական հարաբերություններում զարգացման դինամիկա կա: Դեսպանը նկատել է նաեւ, որ տարածաշրջանում ու հատկապես Հայաստանում խաղաղության հասնելու ճանապարհներ է պետք գտնել, ուստի պետք է զարգացնել անվտանգային ոլորտի համագործակցությունը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին անվտանգային համակարգի համագործակցությունը բարձր գնահատելու համար:
«Չինաստանի համար եւս կարեւոր է, որ Հայաստանում խաղաղ լինի, ուստի գործուն քայլերի է պետք անցնել»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտի բարեփոխումներին, հայ-չինական հարաբերություններն ու երկու երկրների ԱԺ-ների միջեւ համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման հանդիպումները շարունակական կլինեն: