Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն գիտնականներն ու գիտական աշխատողները

Գիտնականը և գիտական աշխատողն իրավունք ունեն`

ա) իրենց հետաքրքրություններին, ստեղծագործական ունակություններին, ինչպես նաև համամարդկային ու ազգային արժեքներին համապատասխան ընտրել գիտական և գիտատեխնիկական գործունեության ձևեր, ուղղություններ և միջոցներ.
բ) գիտական և գիտատեխնիկական համատեղ գործունեություն ծավալելու նպատակով միավորվել այլ գիտնականների, գիտական աշխատողների հետ և կազմակերպել մշտական կամ ժամանակավոր գիտականկոլեկտիվներ.
գ) պատճառաբանված կերպով հրաժարվել այն գիտական կամ գիտատեխնիկական հետազոտություններին մասնակցելուց, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել մարդու, հասարակության կամ շրջակա միջավայրի վրա.
դ) իրենց որակավորմանը, ստացված գիտական արդյունքների, կատարվող աշխատանքի որակի և բարդության աստիճանին համապատասխան ակնկալել իրենց գործունեության անաչառ գնահատական և նյութական խրախուսում, ինչպես նաև վարձատրվել կամ եկամուտ ստանալ իրենց գիտական կամ գիտատեխնիկական գործունեության արդյունքի իրացումից.
ե) մասնակցել պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորվող գիտականհետազոտությունների համար հայտարարված մրցույթներին.
զ) տպագրել և հրապարակել սեփական հետազոտությունների արդյունքները` օրենսդրությամբ սահմանված կարգով.
է) մասնակցել գիտական և գիտատեխնիկական աշխատողների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին.
ը) գիտության զարգացման, տեխնոլոգիաների, գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքների, արտադրության մեջ դրանց ներդրման ու գիտական կադրերի պատրաստման համար արժանանալ գիտականաստիճանների, գիտական կոչումների, մրցանակների, տիտղոսների, պատվավոր կոչումների.
թ) ազատորեն օգտագործել, տարածել և փոխանակել գիտական տեղեկատվություն, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված պետական, ծառայողական, առևտրային և այլ գաղտնիք համարվող տեղեկատվության.
ժ) զբաղվել մանկավարժական գործունեությամբ, իրականացնել խորհրդատվություն, լինել փորձագետ` օրենսդրությամբ սահմանված կարգով.
ժա) գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունքները ներկայացնել գիտական զեկուցումների, հրապարակումների ու ատենախոսությունների պաշտպանության եղանակով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Գիտնականը և գիտական աշխատողը պարտավոր են`

ա) գիտական կամ գիտատեխնիկական գործունեությամբ վնաս չհասցնել մարդու կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրին.
բ) պահպանել էթիկայի չափանիշները և մտավոր սեփականության իրավունքը:

Գիտական աշխատողը նաև պարտավոր է`
ա) գիտական հետազոտությունները կատարել կնքված պայմանագրերին համապատասխան.
բ) մշտապես բարձրացնել իր որակավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել