Հանգստի վայրերում և փողոցներում մանղալի վրա մսից արտադրատեսակներ (խորոված, կուպատներ, քյաբաբ և այլն) թույլատրվում է պատրաստել միայն դրանց կիսապատրաստվածքները ստացիոնար հանրային սննդի կազմակերպություններում պատրաստելու դեպքում: Նշված տեսականու իրացման վայրում անհրաժեշտ է ապահովել հետևյալ պայմանները.
– ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացված կրպակի կամ տաղավարի առկայություն,
– կիսապատրաստվածքների պահպանման համար սառնարանային պայմանների առկայություն,
– արտադրանքը պատրաստելու համար միայն մետաղյա շամփուրների օգտագործում,
– միանվագ օգտագործման սպասքով ապահովվածություն,
– արտադրանքի պատրաստում իրացումից անմիջապես առաջ,
– աշխատողների պարտադիր բժշկական զննումների ենթարկում և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկների առկայություն աշխատատեղում,
– անձնակազմի անձնական հիգիենայի կանոնների պահպանումն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների (լվացարան՝ խառնիչի միջոցով միացված տաք և սառը ջուր) առկայություն,
– սանհանգույցի առկայություն:
Վերը նշված սննդատեսակների պատրաստման համար թույլատրվում է օգտագործել միայն փայտածուխ կամ այդ նպատակի համար նախատեսված էլեկտրական սարքեր:
Տաղավարներում, կրպակներում տեղակայված և հանրային սննդի ոչ ստացիոնար (ավտոկրպակներ, վագոններ և այլն) կազմակերպություններում չի թույլատրվում սննդատեսակների արտադրությունն ու խոհարարական արտադրանքի պատրաստումը: