Գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված բողոքները` 5 դատավորի կազմով։
Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են միանձնյա։
Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու։
Բողոքը վարույթ ընդունելիս դատարանը որոշում է նաև գործը գրավոր կամ բանավոր ընթացակարգով քննելու մասին։
Գրավոր դատաքննություն կիրառվում է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով, ինչպես նաև կարող է կիրառվել այն դեպքում, երբ անհրաժեշտ չէ լսել փորձագետին կամ հարցաքննել վկաներին, զննում կատարել, տալ դատական հանձնարարություններ, և կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ։
Եթե գործը գրավոր ընթացակարգով քննելու նախապատրաստման ընթացքում ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով, ապա դատարանը որոշում է կայացնում գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին: