Ավան և Նոր-Նորք համայնքների դատախազությունը Տիգրան Դավթյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 23-ին ժամը 21.00-ի սահմաններում իր բնակարանում ալկոհոլային հարբածության վիճակում ծեծի է ենթարկել կնոջը` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:
Բացի այդ, գիտակցելով, ոստիկանությանը ծանր հանցագործության մասին կեղծ հաղորդում է տվել, թե իբր վիճաբանել է անհայտ անձի հետ, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է իր որովայնի շրջանին, մարմնական վնասվածքներ պատճառել և դիմել փախուստի:
Իրականում ոգելից խմիչքի ազդեցության տակ իրենց հիշյալ բնակարանից վերցնելով խոհանոցային դանակը դուրս է եկել բնակարանից և հասնելով Նորքի 7 զանգվածում գտնվող «Պիներ Պալատ»-ին հարող տարածք՝ ինքնասպանություն կատարելու նպատակով հագուսները բարձրացրել է և աջ ձեռքում գտնվող դանակով հարվածել է իր որովայինի ձախ շրջանին՝ ինքն իրեն պատճառելով ծակած կտրած թափանցող վերքի ձևով ծանր մարմնական վնասվածք:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, նախկինում չդատված 32-ամյա ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ հիշյալ 118-րդ հոդվածի՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ինչպես նաև, նշված մյուս հոդվածը սահմանում է, որ hանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net