ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Գրում է РИА Новости-ն։
«ՀԱՊԿ-ը կազմող պետությունները երբեք չեն խորշել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին առավելագույն օգուտով օգտագործել կազմակերպության լայն հնարավորությունները։ Մենք դեռևս ակնկալում ենք Երևանից դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ»,- ասաց նա։
Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան համոզված է, որ համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրա։
«Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի»,- ասաց նա։
Միաժամանակ, Աղասանդյանը հույս է հայտնել, որ Երևանը հասկանում է, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա՝ «առավելագույն վնաս հասցնելու Ռուսաստանի Դաշնությանը և նրա դիրքերին Հարավային Կովկասում»։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդերից է, այն ունի խորը պատմական արմատներ: Կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ բանակցությունների հիման վրա, կողմերի փոխադարձ հարգանքը, նրանց պատրաստակամությունը փոխզիջումների գնալ, պատասխանատու որոշումներ կայացնել և դրանք իրականացնել։ Այս համատեքստում ես չեմ կարող չնշել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս դժվարին գործընթացում խաղացած առանցքային միջնորդական դերը»,- ասաց Աղասանդյանը։