Մինչև 2023թ-ը Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտ կհիմնվի

ՀՀ Կառավարությունը 2012 թվականի նոյմբերի 15-ի N 1441-Ն որոշմամբ հաստատել է «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման (2014-2023թթ.) ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի վերականգնել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական հավասարակշռությունը, որի համար անհրաժեշտ պայման է հանդիսանում նաև Սևանա լճի ջրհավաք ավազանի անտառածածկ տարածքների ընդլայնումը: Այսօր Գեղարքունիքի մարզը, որի տարածքում է «Սևան» ազգային պարկը, ներկայումս Հայաստանի Հանրապետության ամենասակավանտառ մարզերից մեկն է` անտառպատվածությունը ոչ ավել` 3%: Ազգային պարկի անտառային համակեցությունները զբաղեցնում են մոտ 13200 հեկտար, այդ թվում՝ բնական ծագման ծառուտները շուրջ 3000 հեկտար:

Վերջին շրջանում Սևանա լճի մակարդակի բարձրացումը առաջ է բերել ափամերձ անտառների ջրածածկման հետ կապված լուրջ խնդիրներ: Մասնավորապես ջրի որակի վատթարացումը կանխելու նպատակով 2005 թվականից իրականացվում են ծառաթփային բուսականությունից ջրածածկված տարածքների մաքրման աշխատանքներ: Սակայն հայտնի է, որ այդ անտառտնկարկները կատարել են բազմաբնույթ էկոլոգիական ֆունկցիաներ` կլիմայակարգավորիչ, ջրապահպան, հակաէրոզիոն, դեպի լիճը բացասական տարրերի ու հանքային էլեմենտների մուտքի կարգավորման և այլն: Սևանա լճի էկոհամակարգում բացասական ջրակենսաբանական պրոցեսները կանխարգելելու համար անհրաժեշտ է ձեռնարկել անտառատնկման գործողություններ` լճի շրջակայքում նոր համարժեք անտառաշերտի հիմնման ուղղությամբ:

Ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով անտառատնկումներ և տնկարանի վերականգնում նախատեսվում է ընդհանուր հաշվով 1113,2 հեկտար մակերեսի վրա: Նախատեսվում է 2-3 տարեկան սերմնաբուսակների տնկում` սոճի սովորական և Կովկասյան, հացենի սովորական, թեղի փետրաճյուղավոր, բարդի ձյունասպիտակ և կանադական, կեչի Լիտվինովի, կաղնի արևելյան, դեղին ակացիա և այլ ծառաթփատեսակներով: Անտառաճեցման նպաստավոր պայմանների առկայության դեպքում նախատեսվում է տնկման եղանակով անտառմշակույթների հիմնում անտառային բարձրարժեք պտղատու ծառատեսակներով` Հունական ընկուզենի, Կովկասյան տանձենի, արևելյան խնձորենի և կեռասենի, ինչը կարևորվում է ինչպես անտառածածկի ավելացման, այնպես էլ անտառի կողմնարդյունքի ու կենսաբազմազանության հարստացման տեսանկյուններից:

Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագրի իրականացման ընթացքում կլուծվեն հետևյալ խնդիրները.
1) կընդլայնվեն Սևանա լճի ջրհավաք ավազանի անտառածածկ տարածքները,
2) կբարելավվի Սևանի ավազանի էկոլոգիական վիճակը,
3) անտառային արժեքավոր պտղատու տեսակների հիմնումը կնպաստի Սևանի ավազանի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը:

Սևանա լճի մակարդակի մինչև 1903,5 մետր բարձրացման դեպքում շուրջ 4000 հեկտար անտառներ կհայտնվեն լճում և ծրագրով նախատեսված տնկումների ընդհանուր ծավալը, տարածաշրջանի նախկին, առանց այն էլ ոչ դրական էկոլոգիական հավասարակշռությունը կվերականգնի ոչ ավելի 27%-ով:

Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2014-2023 թվականներին: Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել բարեգործական հիմնադրամներից և միջազգային այլ կազմակերպություններից ներգրավվող միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել