Երևանում ծառերի բուժման հիմնական գործընթացը կատարվում է գիշերային ժամերին: Բուժանյութը սրսկվում է հատուկ սարքավորումով: Սա վնասատուների դեմ պայքարի ամենարդյունավետ միջոցն է:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հիմնական պայքարն իրականացվում է թեղու տերևակեր վնասատուի դեմ: Բուժման համար կիրառում ենք «Կոնդոր» պատվաստուկը»,-ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ Արմենակ Տեր-Գրիգորյանը:
«Նախապես սահմանված ժամանակացույցով վարչական բոլոր շրջաններում ծառերը բուժվում են, հատկապես՝ կենտրոնական փողոցներում, բակերում»,-նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Նշված վայրերում մասնագետները բուժումը կրկնում են 10-15 օր հետո: Հասցեներն ընտրվում են առաջնահերթության կարգով՝ հաշվի առնելով ծառերի վարակվածության աստիճանն ու նաև քաղաքացիների բողոքները: Այն հատվածներում, որոնք անմատչելի են տեխնիկայի համար, աշխատակիցները գործն անում են ձեռքով:
Թեև ընտրված նյութերը հնարավորին չափով անվնաս են քաղաքացիների համար, բայց, անվտանգությունից ելնելով, ՀՈԱԿ-ը պարտադիր կերպով նախապես իրազեկում է բնակիչներին և հորդորում փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբներիի դռները:
Ծառերի բուժումն սկսվում է գարնանը և ավարտվում ուշ աշնանը: Այն կարևոր միջոցառում է քաղաքի կանաչ զանգվածը կենսունակ պահելու նպատակով: