Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը), որը հաստատվել է ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշմամբ, համապարփակ և բազմակողմանի փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են ոլորտային բարեփոխումների ուղղությունները, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվել են՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, անհրաժեշտ և հասանելի ռեսուրսներն ու գլոբալ մարտահրավերները՝ Հայաստանում ռազմավարության իրագործելիությունը ապահովելու նպատակով:
Այն նախանշում է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները:
Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում նշվում է, որ ներկայացված առաջարկները հիմնված են Հայաստանի համար կիրառելի լավագույն միջազգային փորձի և ստանդարտների վրա, որոնք համապատասխանում են նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) (Environmental, Social and Governance (ESG)) ժամանակակից պահանջներին: Դիտարկված լավագույն փորձի վերլուծությունները, որոնք համապատասխանում են տեղական պահանջներին և վերաբերում են հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ հարցերին, ներկայացված են Ռազմավարության մշակման համար իրականացված վերլուծությունների ու հիմնավորումների հաշվետվությունում: Դրանք հիմք են ծառայում Հայաստանի համար լավագույն տարբերակներ և մեխանիզմներ մշակելու ու առաջարկելու համար` հաշվի առնելով երկրի տնտեսական, ինստիտուցիոնալ, ֆինանսական և տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական խնդիրները:
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր երկիր ունի բնական պաշարների, աշխարհագրության, տնտեսության, շուկայական կոնյուկտուրայի, պետական կառավարման համակարգի, արտաքին տնտեսական կապերի, պետական քաղաքականության բազմաթիվ առանձնահատկություններ, ինչի հետևանքով համադրելիության ապահովումը չափազանց բարդ խնդիր է և առաջ է բերում մի շարք պայմանականություններ: Գոյություն չունի չափանիշների ընտրության ընդունված համակարգ, որով կարելի է Հայաստանը համեմատել այլ երկրների հետ՝ անտեսելով այդ երկրների այլ առանձնահատկությունները (օրինակ՝ տնտեսական զարգացման մակարդակ, աշխարհագրական դիրք, տարածք, բնակչության թվաքանակ և խտություն, օրենսդրական համակարգ, ներդրումային միջավայր և այլն)։ Ուստի ընդհանուր մոտեցումը յուրաքանչյուր հիմնախնդրի վերաբերյալ առանձին կիրառելի միջազգային լավագույն փորձի դիտարկումն է:
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ձևավորումը սկիզբ է առել 18-րդ դարի կեսից՝ Ալավերդու և Կապանի հանքերում պղնձի արդյունահանմամբ։ Հանքարդյունաբերության ոլորտը ժամանակի ընթացքում կայուն ներդրում է ունեցել տնտեսության, զբաղվածության, պետական եկամուտների և արտահանման մեջ և շարունակում է կարևոր դեր խաղալ երկրի՝ ապագային միտված նպատակներին հասնելու ճանապարհին:
1. Հայաստանի Հանրապետության ընդերքում առկա օգտակար հանածոների պաշարները պետք է ծառայեն ներկա և ապագա սերունդներին
Ընդերքում առկա օգտակար հանածոները գրեթե ամբողջությամբ, բացառությամբ ջրի և գետային ավազաններում առկա ավազի, չվերականգնվող են: Հետևաբար կարևոր է, որ առկա պաշարների արդյունավետ օգտագործմանը և ստացվող օգուտների արդարացի բաշխմանը զուգընթաց իրականացվի նոր պաշարների հայտնաբերում՝ նախադրյալներ ստեղծելով ապագա սերունդներին պաշարներով ապահովելու գործընթացի համար, և դրան զուգընթաց՝ ռացիոնալ և արդյունավետ օգտագործել պաշարները ներկայում, և դրանցից գոյացած մուտքերից շահաբաժիններ ապահովել ապագա սերունդների համար:
2. Հանքարդյունաբերությունը պետք է նպաստի ողջ հանրության բարեկեցությանը
Ընդերքը շահագործում են ֆինանսապես և տեխնիկապես կարող ընկերությունները, սակայն ընդերքի շահագործումից ստացված օգուտները պետք է հասանելի լինեն ողջ հասարակությանը:
Նույն տրամաբանությամբ` օգտակար հանածոների արդյունահանման գործընթացը չպետք է բեռ դառնա ազդակիր համայնքների համար: Այդ իսկ պատճառով ռազմավարությամբ սահմանվում են ազդակիր համայնքների (բնակավայրերի) վրա ազդեցությունների սահմանափակման և կառավարման, երկրի ներսում օգուտների և արդյունքների արդարացի բաշխման հարցում գործառույթների հստակեցման խնդիրները։
3. Հանքարդյունաբերության ոլորտի խնդիրը ոչ միայն բացասական ազդեցությունները մեղմելն է, այլ նաև զուտ դրական ազդեցություններ ձևավորելը
Ժամանակակից հանքարդյունաբերության ամենաբարձր ստանդարտները պահանջում են ընդհանուր հաշվեկշռում բացասական ազդեցության մեղմման ու դրական ազդեցություն թողնելու միջոցառումների ապահովում, ինչը հնարավոր է իրականացնել գործնականում: Ե՛վ բնապահպանական, և՛ սոցիալական ժամանակակից լավագույն չափանիշներին հետևող հանքարդյունաբերական նախագծերը հիմնված են այն սկզբունքի վրա, որ մեղմեն ցանկացած հասցված վնաս և ավելացնեն այլ վայրում կամ այլ միջոցով դրական ազդեցություն։ Եթե նախկինում նպատակը սահմանվում էր՝ հաշվեկշռի ոչ մի կորուստ սկզբունքով, այսինքն՝ կտրված ծառերի կամ ազդեցության գոտում մնացած կենդանիների փոխարեն ստեղծել այլ տարածքներ՝ կենսաբազմազանությունը վերականգնելու համար, ապա այսօր ձգտում են անել ավելին, քան միայն վնասի վերականգնումը, և ընդհանուր առմամբ դրական հաշվեկշիռ ապահովել։ Այսպես, կենսաբազմազանության պաշտպանության այդ սկզբունքը կոչվում է զուտ հաշվեկշռի ավելցուկ։ Սոցիալական կառավարման ոլորտում այդ սկզբունքը կոչվում է զրո վնասից անդին։
Հանքարդյունաբերության ոլորտում պետական կառավարման հիմնական ուղղվածությունը եղել է շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների (բնակավայրերի) վրա բացասական ազդեցությունները սահմանափակելը:
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների արդյունքում ակնկալվում է, որ ոչ միայն կմեղմացվեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, այլ նաև աստիճանաբար կստեղծվեն դրական բնապահպանական և սոցիալական ազդեցություններ: Այս դրական ազդեցությունները պետք է հանրագումարով գերազանցեն բացասական ազդեցությունները, որպեսզի երկրում գրանցվի զուտ դրական ազդեցություն:
4. Հանքարդյունաբերության ոլորտը պետք է դիտարկի այլընտրանքային գործունեության դեպքում ձևավորվող արժեքը
Օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հիմնավոր որոշումների կայացման համար տեխնիկատնտեսական հիմնավորվածության ուսումնասիրության հետ մեկտեղ անհրաժեշտ է ներդնել ծախս-օգուտ հաշվարկման մեխանիզմ՝ ընդերքօգտագործման ձևավորած օգուտներից
հանելով այն ծախսերը, որոնք կկրեն տարածքում առկա մյուս ոլորտները, եթե տվյալ հանքավայրը շահագործվի:
5. Հանքարդյունաբերությունը պետք է նպաստի ՀՀ տնտեսության դիմակայունությանը
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից է, որն ապահովում է ՀՆԱ-ի, արտահանման, արտաքին ներդրումների, արտարժույթի ներհոսքի, ոլորտի զբաղվածության նշանակալի մասնաբաժին: Հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված մեկ միավոր արդյունքի դիմաց ՀՀ տնտեսությունում ուղղակիորեն ստեղծվում է մեկից բարձր միավոր արդյունք: Տնտեսության այլ ճյուղերի համեմատ հանքարդյունաբերության բազմապատկիչը ողջ աշխարհում ամենաբարձր տեղն է զբաղեցնում՝ գերազանցելով էներգետիկ արդյունաբերության, գյուղատնտեսության, ֆինանսական ծառայությունների, առևտրի, հանրային սննդի ոլորտների բազմապատկիչները: Այս իմաստով ոլորտի վրա արտաքին ազդեցությունները և համաշխարհային ցնցումները (օրինակ` համավարակը) կարող են տնտեսության խաթարման պատճառ դառնալ: Այս ցնցումները մուլտիպլիկատիվ էֆեկտով փոխանցվում են տնտեսության տարբեր ճյուղերին:
Ռազմավարությունը սահմանում է քաղաքականության գործիքակազմը, որը ապահովելու է տնտեսական, սոցիալական, բնապահպանական, ռեսուրսօգտագործման հիմնարար հարցերում ոլորտի դիմակայունությունն ու ցանկացած ցնցում արագ կառավարելու կարողությունը:
6. Հանքարդյունաբերության ոլորտում պետք է հստակ սահմանված լինեն մասնակիցների դերերն ու գործունեության կանոնները
Հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված են բազմաթիվ սուբյեկտներ` պետությունը, ընդերքօգտագործող ընկերությունները, ներդրողները, համայնքները, գիտակրթական անձնակազմը, ծառայություններ մատուցողները, և այլն: Ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածը ունեն որոշակի դերակատարում ոլորտի զարգացման գործընթացում:
Օրենսդրական դաշտում առկա բացերը կարող են առաջացնել անորոշություն՝ կապված ոլորտում ներգրավված մասնակիցների իրավունքների և պարտականությունների հետ:
Պետությունը, որպես ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող և ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման կառավարումը երաշխավորող, հնարավորություն է տալիս մասնավոր հատվածին բիզնեսի հետ կապված որոշումներում առաջնորդվել արդյունավետության սկզբունքներով և իրացնել իրենց նորարարական և ձեռնարկատիրական հմտությունները՝ սահմանված ավելի բարձր պահանջները բավարարելու համար:
Ռազմավարությամբ ամրագրված է այն մոտեցումը, որ ոլորտի զարգացման հիմքում մասնակիցների միջև արդյունավետ երկխոսությունն է և քաղաքականությունը կրող սուբյեկտների մասնակցությունը ոլորտի բարեփոխումների գործընթացին:
7. Հանքարդյունաբերության ոլորտում, առավել քան տնտեսության այլ ճյուղերում, կարևոր է միջազգային համատեքստը
Հանքարդյունաբերությունն աշխարհում այն փոքրաթիվ ճյուղերից է, որն իր բնույթով իրապես միջազգային է: Զարգացած հանքարդյունաբերություն ունեցող երկրներից (Ավստրալիա, Կանադա, Չիլի) մինչև զարգացող հանքարդյունաբերությամբ տնտեսություններ (Չինաստան, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Ղազախստան)` բոլորն էլ միջազգային շուկայի մասնակիցներն են: Ուստի Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության հիմքում ընկած են համաշխարհային շուկայի զարգացումների վերլուծությունը, միջազգային ստանդարտները, նորմերն ու կարգավորումները:
8. Հանքարդյունաբերության ոլորտը պետք է առաջնորդվի կայուն զարգացման օրակարգով
Հանքարդյունաբերությունը կարող է նպաստել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանը: Կլիմայի փոփոխության ազդեցության սահմանափակման նպատակով աշխարհը շարժվում է «կանաչ տնտեսության» փոխակերպման ուղղությամբ, հետևաբար, ավելի է կարևորվել հանքարդյունաբերության ոլորտում կայուն աշխատակարգերի ներդնումը: Վերականգնվող էներգակիրները, ջրի խնայողությունը, կենսաբազմազանության պահպանումը, սոցիալական պաշտպանվածությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը կայացած հանքարդյունաբերության անբաժան մասն են այսօր: Կայուն աճին նպաստող բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) հայեցակարգի գործոնները պետք է գործեն նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: Միևնույն ժամանակ «կանաչ տնտեսության» փոխակերպման ճանապարհին առաջանում են մի շարք մարտահրավերներ, ուստի ոլորտի ռիսկերի կառավարումը և վերահսկումը ևս կարևոր խնդիր է դառնում:
Վերը թվարկված ուղենիշային սկզբունքները նպատակաուղղված են սահմանելու այն դրույթները, որոնք պետք է հաշվի առնել քաղաքականությունն ու գործիքակազմը մշակելիս: Ռազմավարությամբ սահմանվում են զարգացման այն ուղղությունները, որոնք կհանգեցնեն
հանքարդյունաբերության տեսլականի իրագործմանը: