«55 հատոր գործա եղել, 3-ը բերել ես, մնացածը տարել՝ պահել եք»․ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը դատարանում

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 29-ին, շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Արամ Գրիգորյանը։

Մեղադրանքը ներկայացվել է Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Գործի նյութերի համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը պատմել է, որ Ծառուկյանն իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Պողոսյանն էլ դիմել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ գումար ստանալու համար։ 

Երկուսն էլ չեն ընդունում 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կաշառք տալու մեղադրանքը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ամբաստանյալների պաշտպանները պահանջում են իրենց տրամադրել այն գործի նյութերը, որոնց հիման վրա հարուցվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը: Նշենք, որ դատարանում այժմ քննվող քրեական գործը հարուցվել է մեկ այլ գործի նյութերի հիման վրա, որով դեռևս նախաքննություն է իրականացվում: Այս հիմնական գործից Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ մասն անջատվել և ուղարկվել է դատարան:

Հանրային մեղադրող Դավիթ Աղաջանյանը պնդեց՝ միջնորդությունը անգամ չպետք է քննարկվի, քանի որ այս դատավարության, ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներին առնչվող բոլորն նյութերը տրամադրվել են կողմերին․ «Քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է։ Բավականին մեծ քրեական գործի մասին է խոսքը»։

Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ նման պայմաններում պաշտպանական կողմին չի տրվում պաշտպանվելու լիարժեք հնարավորություն։

Դատարանում հայտարարություն արեց նաև ամբաստանյալ Գագիկ Ծառուկյանը։

«Լսելով դատախազի ասածը, ես ուղղակի ամաչում եմ։ Էսքան քննություն կատարեցին, 120 հատ քննիչ, 1000-2000 հոգու քննելով, տանելով, փակելով․ մեկին՝ 1 ամիս, մեկին՝ 2 ամիս։ Մեկը չի ասել, որ Ծառուկյանը գումարա տվել, կաշառքա տվել։ Ամոթա։ Հասկացանք՝ քաղաքական իրավիճակա եղել, էսա եղել, էնա եղել։ Ծառուկյանը հայտարարությունա արել հունիսի 5-ի հետ կապված, որ էսօր էս օրին ենք ընգել։ Հայ եք, էս երկրում ապրում եք, ընտանիք ունեք, դուք մարդ եք։ Հունիսի 5-ին ասե՞լ եմ՝ ինչա լինելու մեր ճակատագիրը, մեր վիճակը ինչա լինելու։ Եղա՞վ իմ ասածը»,-հայտարարեց Ծառուկյանը՝ հավելելով, որ 55 հատոր գործից միայն 3-ն է ներկայացվել, մնացածը «տարել՝ պահել են»։

Դատախազ Դավիթ Աղաջանյանը հորդորեց դատարանին ամբաստանյալին զսպվածության, ողջախոհության կոչ անել․ «Ո՞ւմա ամոթ, ո՞ւմ համար եք ասում»։

Դատավորը հորդորեց կողմերին անձնական դաշտ չմտնել, նման արտահայտություններ չանել․ «Ամեն մեկն իր գործն է անում, խնդրում եմ՝ իրար նկատմամբ հարգանքով վերաբերվել»։

Բացի այդ, դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, ԱԱԾ-ից կպահանջվեն քրեական գործի բոլոր նյութերը՝ գործից մաս անջատելու դրությամբ։ Փաստաբաններն առաջարկեցին նիստը հետաձգել՝ գործի նյութերին ծանոթանալու, ծավալը գնահատելու համար։

Դատախազը հայտարարեց՝ դատարանի որոշումը համարում է անօրինական և անհիմն․ «Ի՞նչ դիրքորոշման մասին կարող է խոսք գնալ»։

Արամ Գրիգորյանի որոշմամբ՝ նիստը հետաձգվեց, հաջորդ նիստի օրվա մասին կհայտարարվի ավելի ուշ։

Դատարանի բակում լրագրողներին փորձեցին հարցեր ուղղել Գագիկ Ծառուկյանին, սակայն վերջինս հրաժարվեց հարցերին պատասխանել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել