Գագիկ Ծառուկյանը՝ Ռուսաստանում կատարվող իրադարձությունների մասին

Խոր անհանգստությամբ հետևում եմ Ռուսաստանում կատարվող իրադարձություններին։ Այս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Աստված մի արասցե, Ռուսաստանում ապակայունացման պրոցեսները զարգանալու դեպքում իրենց ազդեցությունը կարող են ունենալ ողջ աշխարհի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա։ Համոզված եմ, որ նախագահի և Գերագույն Գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ Ռուսաստանն ի զորու է վերականգնել անդորրը՝ ցուցաբերելով թե´ վճռականություն, թե´ արդարամտություն, և թե´ մեծահոգություն նրանց հանդեպ, ովքեր հետ կկանգնեն վտանգավոր շարունակությունից՝ գիտակցելով քայլերի հնարավոր ծայրահեղ հետևանքները։

Վստահ եմ, որ Ռուսաստանի օրինական իշխանությունները, հասարակության լայն շերտերի աջակցությամբ, կարողանալու են կայունացնել վիճակը, խուսափել վատթարագույն սցենարներից։ Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին՝ որպես բարեկամ պետությունում ապրող ու աշխատող հայեր, որպես այդ երկրի օրինավոր և հարգված քաղաքացիներ,
ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն, վստահել օրինական իշխանություններին և անել իրենցից կախվածը՝ ժամ առաջ երկրում կայունության և բնականոն կյանքի վերականգնման համար»,-նշել է նա։

———

Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից․ «Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել