«Վագներ» ռազմական խմբավորման անդամները հեռանում են հակառակ ուղղությամբ

 «Վագներ» ռազմական խմբավորման անդամները իրենց շարասյան ուղղությունը փուխում են և հեռանում են հակառակ ուղղությամբ։

Հայտնում է խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայությունը։ Գրում է РИА Новости-ն։

Նա հայտնել է․ «200 կիլոմետրից էլ քիչ էր մնացել դեպի Մոսկվա։ Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափել։ Ուստի՝ գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ կողմերից մեկի վրա ռուսական արյուն է թափվելու, մենք մեկնում ենք մեր դաշտային ճամբարներ՝ ըստ պլանի»։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եվգենի Պրիգոժինը բանակցությունների արդյունքում համաձայնության եկավ Ռուսաստանի տարածքում արյունալի ջարդ սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ։ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել  «Վագներ» ռազմական խմբավորման զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։

Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից․ «Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել