Պատգամավոր ընտրվելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշման ընդունումից հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`
ա) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,
բ) դուրս գալ առևտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,
գ) հրաժարվել առևտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,
դ) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից,
ե) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, եթե դա «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն չի համարվում գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք:
Վերը նշված ժամկետի ընթացքը կասեցվում է պատգամավորի ընտրության (համամասնական և մեծամասնական ընտրակարգով) արդյունքներով որոշումների վիճարկման մասին գործը սահմանադրական դատարանում քննության ընդունվելու օրվանից մինչև այդ գործով սահմանադրական դատարանի վերջնական որոշման ընդունման օրը:
Պատգամավորն իրավունք ունի մինչև վճարովի հիմունքներով գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանքի անցնելը օրենքով սահմանված կարգով դիմելու Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին (այսուհետ` Էթիկայի հանձնաժողով) և ստանալու նրա եզրակացությունը:
Եթե առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում պատգամավորի մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագիրը չի դադարել այդ կազմակերպության լուծարման կամ սնանկ ճանաչվելու հիմքով, ապա պատգամավորը պարտավոր է հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դուրս գալ առևտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման: