Ոստիկանությունը հերքում է առաջադրված մեղադրանքները

Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը:

Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը:
Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների տեսագրությունները:

Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի քննությունը անմիջաբար ոստիկանության պետի հսկողության տակ է, ընթացքի մասին զեկուցվում է ամեն օր:
Ոստիկանության համար առավել ևս մտահոգիչ էր այդ հանցարարքների կրկնությունը, ինչից հետո իրավապահների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ՝ քաղաքացիական ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունները բացառելու ուղղությամբ:

Ոստիկանությունը խոստացել էր հանրությանը պարբերաբար իրազեկել հիշյալ գործերի քննության և արդյունքների վերաբերյալ: 
Մասնավորապես, սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու օր առաջ, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայի միջնամասում մի քանի անձինք վեճի են բռնվել իր հետ ու ծեծի ենթարկել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Փաստի առթիվ սեպտեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: 

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Կենտրոնական քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վարուժան Ավետիսյանին ծեծի են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 1968 թ. ծնված Ա. Աղայանը և 1993 թ. ծնված Ա. Մկրտչյանը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Ա. Աղայանն ու Ա. Մկրտչյանը սեպտեմբերի 14-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել բացատրություններ: Նրանք նշել են, որ տեղի ունեցածը որևէ առնչություն չունի քաղաքականության ու քաղաքացիական ակցիաների հետ, իսկ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Ա. Աղայանը կոչ է արել չքաղաքականացնել միջադեպերը:
Նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացի Միհրան Մարգարյանից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում 7 անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր և ընկերոջ՝ ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքացի Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, հարվածներ հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել էր քրեական գործ ու կատարվում էր նախաքննություն:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին պարզվել է, որ Մ. Մարգարյանին և Բ. Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել են Երևանի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Ս. Բաբայանը և 1974 թ. ծնված Ս. Փուրտոյանը, որոնք ներկայացվել են բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննությունը շարունակվում է:
Ինչ վերաբերում է արձանագրված մյուս միջադեպերին, ապա՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան Սուրեն Սաղաթելյանը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ Տեր-Գաբրիելյան և Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել են իրենց վրա ու ծեծի ենթարկել: Ժամը 23.20-ին և 23.25-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն հաղորդումներ են ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Հայկակ Արշամյանն ու Սուրեն Սաղաթելյանը: Սեպտեմբերի 6-ին Ս. Սաղաթելյանից և Հ. Արշամյանից ընդունվել են հաղորդումներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում սեպտեմբերի 13-ին քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 118 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 1.15-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտից՝ «կրծքավանդակի և մեջքի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արման Ալեքսանյանը, որը հայտնել է, որ քաղաքապետարանի մոտ ծեծի է ենթարկվել անծանոթ անձանց կողմից:

Նույն օրը, ժամը 3.25-ին, Ա. Ալեքսանյանից ընդունվել է հաղորդում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում սեպտեմբերի 13-ին քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել