Կարո՞ղ է բժշկական գաղտնիքը հրապարակվել

“…Բուժման ընթացքում և նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք:

Ինձ` երդումը անխախտ կատարողիս, թող երջանկություն տրվի կյանքում ու արվեստում և հավերժ փառք մարդկանց մոտ, իսկ խախտողին և կեղծ երդում տվողին թող լինի դրա հակառակը”: /Հատված Հիպոկրատի երդումից/

«Պացիենտների իրավունքների մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական տվյալների, ներառյալ` իր առողջական վիճակի կամ նախատեսվող ախտորոշիչ կամ թերապևտիկ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանման իրավունք, ինչպես նաև վերջինիս ապահովման իրավունք ախտորոշիչ բուժզննումներ անցնելու, մասնագետների այցելությունների և ընդհանուր թերապևտիկ և վիրահատական գործողությունների ընթացքում»:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «գ» ենթակետի ուժով` բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի «պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում` բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերից»:

Բժշկական օգնության դիմած, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստացող անձի վերը նշված իրավունքը տրամաբանորեն հանգեցնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համապատասխան պարտականության: Մասնավորապես, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «ե» ենթակետը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին պարտավորեցնում է «ապահովել բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիություն` բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերից»: Նույն հոդվածի երկրորդ մասի ուժով` վերը նշված պարտականությունները չկատարելու դեպքում համապատասխան անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: ՀՀ օրենսդրությամբ այն կարող է լինել ընդհուպ մինչև քրեական:

Հետևաբար վերոնշյալ հիմքերը նախատեսում են հիվանդի առողջական վիճակի, բուժումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվության (ներառյալ պատմագիրը) գաղտիության պահպանում:

Բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կարող են տրամադրվել միայն դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննության, ինչպես նաև այլ իրավասու մարմինների պահանջով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: Հրապարակել ասելով` տվյալ դեպքում հասկացվում է նշված տեղեկությունները որևէ եղանակով (բանավոր, գրավոր և այլն) երրորդ անձանց գիտությանը հասցնելը:

Իսկ ինչ վերաբերում է պացիենտի համաձայնությանը, ապա նշենք, որ երբ առկա է հիվանդի` իր հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկությունները հրապարակելու վերաբերյալ համաձայնությունը, քննարկվող պատասխանատվությունը բացակայում է: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասինե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը հստակ սահմում է, որ՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժմմն մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:

Մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը նրա կամքին հակառակ չի կարող հաղորդվել նրան կամ այլ անձանց, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից:

18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել