Բազմաթիվ վարորդներից կաշառք պահանջելու, ստանալու և վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ մեղադրվող ՃՈ տեսուչների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են Ճանապարհային ոստիկանության չորս տեսուչների կողմից երկու տասնյակից ավելի վարորդներից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:

Մասնավորապես՝ քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Մ. Հ.-ն, Ա. Ս.-ն, Վ. Խ.-ն և Հ. Գ.-ն 2022 թվականի ընթացքում Արարատի մարզի ավտոճանապարհների տարբեր հատվածներում ծառայություն իրականացնելիս, կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոների խախտումներ թույլ տված վարորդներին և վերջիններից պահանջել ու ստացել կաշառք՝ խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ճանապարհային ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք երթևեկության սահմանված արագությունը գերազանցած վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանցից որպես կաշառք պահանջել են 5-10 հազարական ՀՀ դրամ, մի շարք դեպքերում էլ՝ վարորդներից որպես կաշառք ընդունել են ծառայողական ավտոմեքենաները բենզինով լիցքավորելու առաջարկները, ինչպես նաև նրանցից պահանջել և ստացել են բենզինի լիցքավորման համար նախատեսված կտրոններ:

Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ ՃՈ տեսուչները խմբով՝ նախնական համաձայնությամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ, այդ թվում՝ վարորդին ոչ սթափ վիճակում գտնվելու համար տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից չզրկելու համար դիտավորությամբ կազմել են կեղծ բովանդակությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 3 արձանագրություն:

Վերը նշված հանցանքների համար Մ. Հ.-ին և Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ) և 445-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), իսկ Վ. Խ.-ին և Հ. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (9 դրվագ):

ՃՈ տեսուչներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել