Սուրիկ Խաչատրյանի փեսան միջնորդել է իրեն որպես 3-րդ անձ ներգրավել ապօրինի գույքի բռնագանձման վարույթով

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 19-ին, շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի գույքի բռնագանձման մասին հայցադիմումի քննությունը։

Ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը: Հայցադիմումը շուրջ մոտ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու պահանջով է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում դատավորը հայտնեց՝ Սուրիկ Խաչատրյանի փեսան` Ռուբեն Գալստյանը դատարանին տեղեկացրել է, որ  քննվող գործի շրջանակներում Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի առարկայի կազմում է ընդգրկվել «Ս․Կ․ ԳԱԶ» ՍՊ ընկերությունում Խաչատրյանի 2-րդ փեսային՝ «Էրիկ Համբարձումյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը բռնագանձելու մասին պահանջը»։

Ռուբեն Գալստյանը դատարանին հայտնել է, որ նշված ընկերության մասնակիցներ են հանդիսանում ինչպես նա, այնպես էլ Էրիկ Համբարձումյանը՝ յուրաքանչյուրը 50 տոկոս բաժնեմասերով։ Նա նշել է, որ ընկերության 100 տոկոս բաժնեմասը Էրիկ Համբարձումյանին պատկանելու վերաբերյալ դատախազության փաստերը իրականության չեն համապատասխանում։ Գալստյանը միջնորդել է դատարանին՝ ընկերությանը գործով որպես 3-րդ անձ ներգրավել։

«Խնդրել է նաև միջնորդության բավարարման դեպքում գործի քննությունը վերսկսել»,-հայտնեց դատավորը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը նշեց, որ որպես 3-րդ անձ ներգրավելու վերաբերյալ առարկություն չունի, սակայն առարկում է գործի քննությունը վերսկսելու դեմ․ «Գտնում եմ, որ անցած փուլերում չի եղել այնպիսի քննարկում, որին տվյալ անձի չմասնակցելը հետագայում կզրկի նրան իր շահերը պաշտպանելու հնարավորությունից»։

Պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն ասաց, որ իրավասու մարմինը կամ պետք է նվազեցնի հայցի առարկան, կամ պետք է ներգրավի միջնորդություն ներկայացնողին ոչ թե որպես 3-րդ անձ, այլ որպես պատասխանող, քանի որ դա ուղղակիորեն նրա դեմ ուղղված հայց է։

«Քանի որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը պատասխանող ներգրավելու լիազորությամբ օժտում է բացառապես հայցվորին, կարծում եմ՝ պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդություն ընկերությունը չէր կարող ներկայացնել, այդ պատճառով էլ որպես 3-րդ անձ ներգրավելու միջնորդություն է ներկայացրել»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ միջնորդության դեմ չի առարկում, համաձայն է։

Դատախազը հայտնեց, որ ճշգրտումներ պետք է կատարեն, որից հետո կորոշեն՝ հայցի առարկայի փոփոխություն կատարել, թե՝ ոչ։

Վահագն Գրիգորյանի կարծիք հայտնեց, ճիշտ կլինի՝ այն ընկերությունները, որոնց բաժնեմասերը բռնագանձելու պահանջ է ներկայացվել, ներգրավվեն գործով որպես 3-րդ անձինք․ «Առաջարկում եմ, որ ներգրավման միջնորդությունը ներկայացնի հայցվորը, քանի որ նրա մոտ ինֆորմացիան ավելի համակարգված առկա է»։

Դատախազ Գևորգ Քոչարյանը նշեց սակայն, որ դատախազությունը խուսափում է նման միջնորդություն ներկայացնելուց, քանի որ գործով որքան շատ 3-րդ անձինք ներգրավվեն, դատական պրոցեսն այնքան կբարդանա․ «Նույն ծանուցումների, դատավարական փաստաթղթերի քանակով պայմանավորված»։

Դատախազը նշեց, որ Վահագն Գրիգորյանին կտրամադրի իրավաբանական անձանց տվյալները, իր մոտ եղած տեղեկությունը, որպեսզի վերջինս 3-րդ անձանց ներգրավման միջնորդություն ներկայացնի։

Դատական նիստը հետաձգվեց։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել