Ինչպե՞ս պետք է վազանց կատարել

Վազանցն սկսելուց առաջ վարորդը պետք է համոզվի, որ՝

1) հանդիպակաց երթևեկության գոտին, որը նա պատրաստվում է զբաղեցնել, բավարար տարածությամբ ազատ է վազանցի համար, և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ընթացող տրանսպորտային միջոցների համար.

2) իր հետևից նույն գոտիով ընթացող տրանսպորտային միջոցը վազանց չի սկսել, իսկ առջևից ընթացողը վազանցի (ձախ շրջադարձի, հետադարձի) ազդանշան չի տվել.

3) վազանցն ավարտելիս անհրաժեշտության դեպքում կարող է առանց վազանցվող տրանսպորտային միջոցի (միջոցների) համար խոչընդոտ ստեղծելու վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի:

Ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցին վազանցել թույլատրվում է միայն ձախ կողմից: Սակայն եթե առջևից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը տվել է ձախ շրջադարձի ազդանշան և սկսել մանևրի կատարումը, ապա այդ տրանսպորտային միջոցին վազանցը կատարվում է աջից:

Վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդին արգելվում է արագությունը բարձրացնելով կամ որևէ այլ գործողությամբ խոչընդոտել վազանց կատարելուն:

Եթե բնակավայրերից դուրս դանդաղընթաց կամ մեծ եզրաչափեր ունեցող տրանսպորտային միջոցին վազանց կատարելը դժվար է, ապա դրա վարորդը (իսկ ուղեկցման դեպքում` նաև ուղեկցող տրանսպորտային միջոցի վարորդը) պետք է երթևեկի հնարավորինս աջով, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնի և բաց թողնի իր հետևից ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:

Վազանցն արգելվում է`
1) խաչմերուկներում.

2) հետիոտնային անցումների վրա.

3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.

4) եթե վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդը կատարում է վազանց կամ շրջանցում է արգելքը.

5) թունելներում, էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ, ինչպես նաև ճանապարհների նեղացումներում.

6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.

7) եթե վազանցվող տրանսպորտային միջոցը երթևեկում է կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ ու հատուկ ձայնային ազդանշան միացրած վիճակում կամ ուղեկցվում է այդպիսի տրանսպորտային միջոցներով.

8) վերելքի վերջում և ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում, երբ վազանցը կատարվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել