150 օր է Արցախը շրջափակված է

Արցախը 150 օր է շրջափակման մեջ է։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետ տեղադրելուց հետո ԿԽՄԿ-ն ընդամենը 3 անգամ է արցախցի բուժառուներին տեղափոխել Հայաստան․ գործընթացն ապրիլի 29-ից կանգ է առել։ Կարմիր Խաչի Արցախի գրասենյակից հայտնում են, որ տեղափոխումներն իրականացվել են մինչև ադրբեջանական կողմի անձնագրային ստուգում սկսելը։

Արցախցի հիվանդները 11 օր է՝ փաստացի զրկված են անհետաձգելի բուժում ստանալու նպատակով Երևան հասնելու հնարավորությունից։ Ավելի քան 30 հոգի այս պահին սպասում են անհապաղ ՀՀ մասնագիտական բուժհաստատություններ տեղափոխվելուն։

Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից  ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղցահող համայնքները հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին։

Մայիսի 5-ին ժամը 10:55-ին Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացու ուղղությամբ հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից: Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակում է գյուղացիների ուղղությամբ՝ խոչընդոտելով գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին, ինչը հետագայում լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու բնակչության պարենային ապահովության հարցում։

Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 150 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել