Ապրիլի 25-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, oպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների հետ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 2022 թ. սեպտեմբերի 9-ից հետախուզության մեջ գտնվող էջմիածինցի 36-ամյա մի երիտասարդի:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Նա և համաքաղաքացի երկու ընկերները ծրագրել էին Էջմիածնում բնակվող 28-ամյա Արթուր Առաքելյանի սպանությունը։ Հենց այդ նպատակով 37-ամյա և 36-ամյա երկու երիտասարդները հունիսի 11-ին Վրաստանի Հանրապետությունից ժամանել էին Հայաստան, որտեղ նրանց դիմավորել էր էջմիածինցի 35-ամյա ընկերը: Այնուհետև երեքով գնացել էին նախապես վարձակալած բնակարան, որտեղ պլանավորել և նախապատրաստել էին Արթուր Առաքելյանի սպանությունը:
Օգոստոսի 18-ին, ժամը 17.40-ին, տեղեկանալով Արթուր Առաքելյանի տեղաշարժի մասին, «Օպել» մակնիշի մեքենայով գնացել էին Էջմիածին քաղաքի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, դարանակալել և սպասել էին նրան։ Երբ Արթուր Առաքելյանի «Մերսեդեսը» ընթացել էր տվյալ խաչմերուկի ուղղությամբ, Թումանյան փողոցում մեքենայով փակել էին նրա ճանապարհը։ Այնուհետև 36-ամյա տղամարդը դիմահար կրակահերթ էր արձակել «Մերսեդեսի» ուղղությամբ, ինչի հետևանքով Արթուր Առաքելյանը և ուղևորը, ստանալով ծանր մարմնական վնասվածքներ, մեքենայով դիմել էին փախուստի։
Չէր ուշացել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգը. հրազենային վնասվածքներով բուժհաստատություն էին տեղափոխվել 28-ամյա երկու երիտասարդ։ Հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Արթուր Առաքելյանը մահացել էր։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «Մակարով» ատրճանակ և փամփուշտներ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 6-ին հանցակիցներից 37-ամյա երիտասարդը Էջմիածնի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած երրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: