Ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և’ դրամական կայուն գումարով, և’ բաժիններով:
Սույն մասի առաջին պարբերության նորմերը կիրառվում են, եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը՝
ա) ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ.
բ) վաստակ և (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով.
գ) վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի:
Կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:
Եթե ծնողներից յուրաքանչյուրի մոտ երեխաներ են մնում, ավելի պակաս ապահովված ծնողի հետ բնակվող երեխայի օգտին մյուս ծնողից բռնագանձվելիք ալիմենտի չափը դատարանը որոշում է օրենքին համապատասխան՝ ամենամսյա բռնագանձման ենթակա կայուն դրամական գումարով: