Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինվորական մասի Մարտական դրոշը զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշն է: Մարտական դրոշը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի հիշեցումն է` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար և հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին` չխնայելով արյունը և նույնիսկ կյանքը:
Մարտական դրոշը զինվորական մասին, վերջինիս կազմավորումից հետո, հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը:
Մարտական դրոշը մշտապես պահվում է զինվորական մասում` վերջինիս անվան և համարակալման փոփոխությունից անկախ: Զինվորական մասի անվան և համարակալման փոփոխությունները գրանցվում են Մարտական դրոշի վկայագրում, որը տրվում է Մարտական դրոշը հանձնելիս:
Մարտական դրոշը միշտ գտնվում է զինվորական մասի հետ, իսկ մարտադաշտում` զինվորական մասի մարտական գործողությունների շրջանում:
Մարտի ժամանակ զինվորական մասի ողջ անձնակազմը պարտավոր է անձնազոհ և քաջաբար պաշտպանել Մարտական դրոշը և թույլ չտալ հակառակորդին տիրանալ նրան: Մարտական դրոշի կորուստի դեպքում զինվորական մասի հրամանատարը և այդ անպատվության համար անմիջականորեն մեղավոր զինծառայողները ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով, իսկ զինվորական մասը` կազմալուծման: