Ե՞րբ կարող է կրճատվել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը

Կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե`
1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից
ավելի չեն գումարվում.
2) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում.
3) ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում քաղաքապետի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում։

Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե օրենքով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը:

Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո իրավունք չունի նշանակելու տեղական հանրաքվե, անվստահություն հայտնելու քաղաքապետին, կատարելու պաշտոնների նշանակումներ, ընդունելու կամ փոփոխելու Երևանի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիրը:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել