Այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի, շրջանի համայնքների ղեկավարների ու Մարտունի քաղաքի բնակիչների հետ:
Այս մասին հայտնում է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Իմ կողմից ներկայացվել են Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանին պաշտոնից ազատելու և Հունան Հայրումյանին շրջանի վարչակազմի ղեկավար նշանակելու մասին կառավարության որոշումները, երախտագիտություն եմ հայտնել պարոն Ավանեսյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել պարոն Հայրումյանին հետագա աշխատանքում:
Տեղում լսել եմ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը, մտահոգություններն ու դժգոհությունները, պատասխանել նրանց հարցերին, ներկայացրել շրջափակման հետևանքները մեղմելու նպատակով պետության կողմից ձեռնարկվող միջոցները, ունեցած հնարավորություններն ու խնդիրները:
Խոստացել եմ ավելի հաճախակի այցելել շրջանի համայնքներ և բնակչության հետ անմիջական շփումներով ոչ միայն առաջնային աղբյուրից ծանոթանալ գոյություն ունեցող խնդիրներին, այլև հանրությանը ներկայացնել այն աշխատանքները, որոնք կատարվում են կառավարության կողմից»,-նշել է նա: