ՀՀ զինված ուժերը հակահարված տվեցին, իհարկե, ունեցանք զոհեր: Այս մասին ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Տեղեկանում ենք Ազգային ժողովից։
«Ես չեմ ուզում նրանով մխիթարվենք, որ նրանց զոհերն ավելի շատ են եղել, քան մերը: Եթե ԶՈՒ-ի նման կեցվածքը չունենայինք, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին եւ կտեղակայվեին այդտեղ: Հետագայում մենք պետք է ելնենք նրանից, որ Զինված ուժերի ե’ւ կարողությունները, ե’ւ ուժը պետք է լինեն այն մակարդակի վրա, որը պետք է լուծի իր առջեւ դրված խնդիրը: Այն, ինչը մերն է, մերն է: Եթե հակառակորդը ոտնձգություն պետք է անի, ապա պետք է իմանա, որ հարվածը ստանալու է: Զինված ուժերն իրենց առջեւ դրված խնդիրը պետք է առանց հանձնարարականի էլ իրականություն դարձնեն»,-նշել է նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելել է, որ երբ ընդդիմությունը մեղադրում է քաղաքական իշխանությանը Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպի համար, երեկվա փակ հանդիպման ժամանակ ընդդիմության համար ակնհայտ է եղել, թե ինչպես են տեղի ունեցել դեպքերը: Դա ակնհայտորեն Ադրբեջանի հերթական սադրանքն է ՀՀ սուվերեն տարածքում սուվերեն տարածքի նկատմամբ:
Լրագրողը նաեւ հետաքրքրվել է, թե երբ է վարչապետը տվել հանձնարարականները, որոնց մասին նա խոսել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, եւ ինչու չեն կատարվել այդ հանձնարարականները:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերանալ դրանք կատարելիս: «Թերություններ, իհարկե, կան, հետամուտ ենք, որ այդ թերությունները բացահայտվեն եւ մեղավորները պատժվեն: Հանձնարարականները տրվում են այնտեղ, որտեղ քննարկվում են իրավիճակները: Դրանք կարող են տրված լինել Անվտանգության խորհրդի նիստերում»,-պարզաբանել է Անդրանիկ Քոչարյանը եւ նշել, որ հանձնարարականները տրվել են ադրբեջանական ԶՈՒ-ի առաջխաղացումից առաջ:
Անդրադառնալով նախորդ օրն ընդդիմության նախաձեռնությամբ Ազգային ժողովում ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ կայացած փակ հանդիպմանը` պատգամավորն ասել է, որ քննարկումը միտված է եղել նման իրավիճակները բացառելուն, ոչ թե մեղավորներ փնտրելուն: Նրա խոսքով Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի հետ կապված ծառայողական քննություններ անպայման կլինեն:
Ծառայողական քննություն անպայման կլինի ԱԱԾ-ում, անհրաժեշտության դեպքում` նաեւ Զինված ուժերում:
Լրագրողը հետաքրքրվել է նախորդ օրը վարչապետի կողմից արված այն հայտարարությամբ, թե Հայաստանը պատրաստ է զորքերը ետ քաշել Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի քարտեզների սահմանային գծի ամբողջ երկայնքով, ինչին ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե ինչ նկատի ուներ այդպես ասելով:
«Այնքան ակնհայտ է, պատասխանն իրենք էլ ունեն: Եվ այդ պատասխանը մեր պետական սահմանի արձանագրված հատվածն է, եւ այդտեղ որեւէ խնդիր գոյություն չունի: Թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, դա առաջին անգամ չի հնչեցվում, որ զորքը հայելային տեղաշարժ անենք, ինչը մնացել է անպատասխան»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը` հավելելով, որ Հայաստանը շարժվում է իր ձեռքի տակ եղած ԽՍՀՄ քարտեզներով, որոնց ռազմական մասը հաստատված է Գլխավոր շտաբի կողմից:
Անդրադարձ է եղել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որով Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու կապակցությամբ, ինչին ի պատասխան «Քաղաքացիական խմբակցության» քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով եւ ամեն ինչ անում է` իր Զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ եւ այդպես էլ շարունակվելու է: «Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաեւ այլ երկրների մեր գործընկերների հետ եւ ամեն ինչ անում է` ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման եւ մարտունակության բարձրացման»,- ասել է խմբակցության քարտուղարը: