Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայիններն այսուհետ վարժական հավաքների ներգրավվելու պարագայում չեն կորցնի իրենց եկամուտը․ ԱՍՀՆ

Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայիններն այսուհետ վարժական հավաքների ներգրավվելու պարագայում չեն կորցնի իրենց եկամուտը։ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային Ժողովի կողմից՝ 88 կողմ ձայնով։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Գործող կարգավորումներով՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված դրամական հատուցումը։

Նախագծի ընդունմամբ՝ մասնավոր ոլորտի գործատուները պարտավորվում են աշխատողին վարժական հավաքների ներգրավելու դեպքում առաջին 30 օրացուցային օրերի ընթացքում վճարել յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի հիմնական աշխատավարձի և այդ ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար՝ որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։ 30 օրացուցային օրը գերազանցող ժամանակահատվածի համար աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ/աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:

Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը 200,000 դրամ է, վերջինս ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում Պաշտպանության նախարարության կողմից ստանում է դիցուք՝ 80,000 դրամ, ապա գործատուն կպարտավորվի վճարել աշխատավարձից դրական տարբերությունը, այսինքն՝ նշված դեպքում առնվազն 120,000 դրամ։

Ինչ վերաբերում է պետական ոլորտի գործատուներին, ապա գործատուն կվճարի յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի հիմնական աշխատավարձի և այդ ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար՝ որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության դրական տարբերությունը։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա` նշենք, որ այս մասով գործատուների կողմից վճարումն ուշ կատարելու դեպքում տուժանքի վճարման պահանջ չի առաջանա, քանի որ Աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն` աշխատավարձն ուշ վճարելու համար գործատուն աշխատողին պետք է տուժանք վճարի, եթե ուշացումը եղել է գործատուի մեղքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել