ԱՁ կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ ևս հարկային մարմինը հնարավորություն կունենա իրականացնելու համալիր հարկային ստուգում․ նախագիծ

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում  անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ հարկային մարմինը հնարավորություն կունենա իրականացնելու համալիր հարկային ստուգում։

Iravaban.net-ը հայտնում է, որ Հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի ներկայիս կարգավորումներով հարկային մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ հարկային ստուգում իրականացնելու հնարավորություն սահմանված չէ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 23.12.2022 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-593-Ն օրենքը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, Օրենսգրքի 156-րդ հոդվածի լրացմամբ ֆիզիկական անձանց համար սահմանվել է եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնելու պարտականություն։ Մասնավորապես՝ նախատեսվել է, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։

Միաժամանակ, ՀՀ ՊԵԿ նախագահի և IMF /Արժույթի միջազգային հիմնադրամ/ հետ կայացված հանդիպման արդյունքներով ևս որոշվել է ֆիզիկական անձանց համար համալիր հարկային ստուգման իրականացման հնարավորությունն օրենսդրորեն նախատեսել։

Այսպես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը ներկայումս գործող օրենսդրական կանոնակարգումների համաձայն չունի հսկողական գործիքակազմ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Նախագծով սահմանվել է, որ համալիր հարկային ստուգում կարող է իրականացնել նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ։

Միաժամանակ, նախատեսվել են այն դեպքերը, երբ վերջիններիս մոտ կարող է իրականացվել համալիր հարկային ստուգում, մասնավորապես՝ հարկային մարմնի վերլուծության արդյունքների հիման վրա, պետության օրինական շահերին վնաս հասցնելու կամ դրա վտանգի, այդ թվում` հարկի(վճարի) գումար, հարկման (վճարի) բազա թաքցնելու կամ դրանք պակաս ցույց տալու կամ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջները խախտելու մասին հարկային մարմնի ստացված տեղեկությունների հիման վրա, անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը դիմում է ներկայացրել համալիր հարկային ստուգում իրականացնելու վերաբերյալ։

Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կարող է չունենալ ՀՎՀՀ՝ Նախագծի շրջանակներում սահմանվել է, որ ստուգման շրջանակներում լրացման ենթակա փաստաթղթերում նշվում է ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը, առկայության դեպքում՝ ՀՎՀՀ-ն։

Սահմանվել են նաև հարկ վճարողի հաշվառման համար չունեցող և (կամ) հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ չունեցող հարկ վճարողներին Օրենսգրքով սահմանված փաստաթղթերը ծանուցելու և ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել