Ազգային ժողովն այսօր` ապրիլի 12-ին, գաղտնի քվեարկությամբ (կողմ՝ 65, դեմ՝ 0) համաձայնություն տվեց պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:
Հիշեցնենք, որ հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիրն Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել ապրիլի 11-ին:
Դրանում ասվում էր, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը, ԱԺ վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես՝ Մ.Ս.-ն ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահին, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վ.Վ.-ի միջև նստած պատգամավոր Ա.Ղ.-ին, մոտեցել Հանձնաժողովի նախագահին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով:
Մհեր Սահակյանն էլ իր հերթին ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպը։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Վարդանյանը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: