Վլադիմիր Վարդանյանը գոռում էր, նկատողություն անում պատգամավորներին․ Մհեր Սահակյան

Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն  ներկայացրեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ելույթով հանդես եկավ նաև Մհեր Սահակյանը։

Նա էլ իր հերթին ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպը։ Մհեր Սահակյանի խոսքով՝ Վլադիմիր Վարդանյանը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել։

«Վեճի ընթացքում չեմ միջամտել մինչ այն պահը, երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վարդանյանը, չարաշահելով իր՝ որպես վարողի լիազորությունները, կողմնակալ և սադրիչ պահվածք էր ցուցաբերում, մասնավորապես՝ գոռում և նկատողություն անում ընդդիմադիր պատգամավորներին։ Երբ հերթական անգամ վարողը, ձեռքը սեղանին հարվածելով, ցանկանալով ընդգծել քննարկումը վարողի և իշխանական պատգամավոր լինելու իր առավելությունները և ցուցադրաբար նայելով աչքերիս մեջ (նրա, ով դեռ ոչինչ չէր արտահայտել) մեղադրանքներ հնչեցնելով պահանջեց լռել, ես նույն տոնայնությամբ ձեռքս հարվածելով սեղանին, ոտքի կանգնելով իմ տեղից, պահանջեցի, որպեսզի հարգանք ցուցաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և կողմնակալ վերաբերմունք չդրսևորվի։

Այդ պահին Վլադիմիր Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, չհանդուրժելով իմ նկատողությունը, տեղից վեր կանգնելով, բղավելով, որ ում վրա ուզի և երբ ուզի կարող է այստեղ բղավել, մոտեցավ։ Ես, հաշվի առնելով իր ագրեսիվ պահվածքը և բղավելով արագ ինձ մոտենալը, ուղղվեցի մեկ քայլով և հարված հասցրեցի զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով, որից հետո, ցանկություն չունենալով, որ վեճը շարունակվի և ընդլայնվի, անմիջապես հեռացա այդ սենյակից»,- ասաց Սահակյանը։

Պատգամավորը նշեց նաև, որ պատրաստ է պատասխան տալ իր կատարած արարքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել