Մահացել է հայտնի ֆիզիկոս-գիտնական, մանկավարժ-ուսուցիչ Գագիկ Գրիգորյանը

Մահացել է հայտնի ֆիզիկոս-գիտնական, մանկավարժ-ուսուցիչ Գագիկ Գրիգորյանը: Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրենությունը հրապարակել է մահախոսական։

Այն ներկայացնում ենք ստորև․

«Ցավով, հազար ափսոսանքով գուժում ենք, որ երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեծատառով մարդը, ֆիզիկոս-գիտնականը, մանկավարժ-ուսուցիչը՝ Գագիկ Վարդանի Գրիգորյանը, ում ներկայությունը միշտ հաճելի էր, պահանջված, իսկ բացակայությունը՝ նկատելի:

Գագիկ Գրիգորյանը այն եզակի մտավորականներից էր, ով հավատում էր, որ մեր երկրում հնարավոր է ստեղծել համաշխարհային մակարդակի մրցունակ կրթական միջավայր, որովհետև գիտեր, որ գաղափարները հենց այնպես չեն թափառում մեր մտքերում և սովորեցնում էր նրանց մարմնավորելու ստեղծագործ մեխանիզմը: Ֆիզիկան, Ֆիզմաթ դպրոցը, ֆիզիկայով հետաքրքրվող աշակերտները նրա տարերքն էին, և պատահական չէր, որ սիրելի գործընկերը 1983 թվականից աշխատում էր ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում և՛ որպես մանկավարժ, և՛ որպես գիտաշխատող: Ֆիզմաթ դպրոցում Գագիկ Գրիգորյանը ղեկավարում էր ֆիզիկայի օլիմպիադայի հայաստանյան թիմը և միաժամանակ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի խմբավարն էր: Նրա ղեկավարությամբ Հայաստանը ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում նվաճել է տասնյակ մեդալներ: Նա հեղինակ և համահեղինակ է 35 գիտական հոդվածների, 30-ից ավելի դասագրքերի և ուսումնական ձեռնարկների: Իր բեղմնավոր և անբասիր աշխատանքի շնորհիվ Գագիկ Գրիգորյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Սակայն լավագույն մեդալները նրա համար իր սաներն էին: 

Գագիկ Գրիգորյանը նաև «Այբ» դպրոցի հիմնադիրներից մեկն էր, Հայաստանում «Կենգուրու» միջազգային մրցույթի լիազոր ներկայացուցիչը: Նա 2011թ-ից դասավանդում էր «Այբ»-ում, որովհետև «Այբ» գաղափարի շուրջ միավորվել էր այն պայծառ լավատեսությամբ, որ նորարարությունը և կրթական լավագույն միջավայրը կարող են հեղափոխել ու խթանել գիտության առաջընթացը:

Գագիկ Գրիգորյանը ֆիզիկայի նկատմամբ իր անդավաճան սիրով վարակում էր աշակերտներին, և պատահական չէ, որ նրա սաներից շատերը այսօր հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային ասպարեզում: Սակայն կա մի բան, որ այս ամենից առավել կարևորվում է՝ Գագիկ Վարդանի Գրիգորյանը ստեղծեց և դարձավ հետնորդների «Դպրոցի» հիմնադիր, որ ընդհատում չլինի: Նա մտածված իր գործին ներառեց ֆիզմաթցիների մի սերունդ, որոնք անշահախնդրորեն և ազնիվ նվիրումով կառաջնորդվեն և կյանքի կկոչեն իր սկզբունքները:

Այսօր, սիրելի՛ ուսուցիչ, հոգիդ հանգիստ կարող է ննջել, որովհետև գործիդ շարունակողները կան, և դու երկնկից տեսնելու և հետևելու ես»: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել