ՀՀ և ՌԴ կառավարությունները մերժել են Արմեն Դարբինյանի՝ ևս 5 տարով ՀՌՀ ռեկտոր վերընտրվելու խնդրանքը

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մայիսի 14-ին լրանում է իմ՝ որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր լիազորությունների ժամկետը:

Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն, սակայն, երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ:

Իսկ սա նշանակում է մեկ բան. առաջիկայում կայանալիք ընտրություններին՝ չնայած համալսարանի ողջ անձնակազմի կողմից ինձ՝ որպես միասնական թեկնածու առաջադրման հանգամանքին, ես չեմ մասնակցելու:

Ինձ մնում է շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բոլոր ժամանակների կառավարություններին՝ քսանմեկուկես տարի կառուցողական ակադեմիական աշխատանք կատարելու այս հրաշալի հնարավորության համար: Արդյունքում ունենք զրոյից աճած, օբյեկտիվ չափանիշներով միջազգային վարկանիշներում Հայաստանի լավագույն համալսարան ճանաչված հաստատություն:

Ուրախ, հպարտ և շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ տեսլականին և միացան ինձ՝ կերտելու մեր հեքիաթային աշխարհը:

Ամենայն հաջողություն եմ մաղթում ներկա և ապագա համալսարանականներին. նրանք այլևս ունեն նշաձող, որին պիտի փորձեն առաջիկայում ևս համապատասխանել:

Իսկ ի՞նչ եմ մտադիր անելու ես: Չեմ բացառում մասնավոր համալսարանի ստեղծումը՝ նույն արժեքների՝ Սիրո, Ազատության, Արդարության, Արժանապատվության, Համերաշխության, Իմացության և Անձնային աճի տիրույթում: Սա իհարկե կպահանջի սոլիդ ֆինանսական ներդրումներ, և այս իմաստով ես բաց եմ առարկայական ու հետաքրքիր առաջարկությունների համար:

Եղել և մնում եմ հայի, հասարակության և պետության սուվերենության և՛ զինվորը, և՛ հրամանատարը:

Աստված առաջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել