ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ազգային ժողով՝ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (նրան մեղադրանք առաջադրելու) միջնորդությամբ։
1) Իրավասու մարմինները մտադիր են Սահակյանին մեղադրանք առաջադրել խուլիգանության (297 հոդվածի 1-ին մաս) և Վլադիմիր Վարդանյանին խուլիգանական դրդումներով թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար (171 հոդվածի 2-րդ մաս):
2) Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցակազմի հետ։
3) Խափանման միջոց կալանքի թույլտվության միջնորդություն ազգային ժողովին չի ներկայացվել։
4) Հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը փաստորեն հերքվել է։
5) Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) ի սպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»,-նշում է նա։
Ավելի վաղ Iravaban.net-ը հայտնել է, որ Գլխավոր դատախազությունն այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է հայցել խորհրդարանից։
Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը, ԱԺ վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես՝ Մ.Ս.-ն ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահին, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վ.Վ.-ի միջև նստած պատգամավոր Ա.Ղ.-ին, մոտեցել Հանձնաժողովի նախագահին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով:
Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը): Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, Մհեր Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել էր և տարվել Ոստիկանության բաժին։ Վերջինս ապրիլի 3-ին ազատ էր արձակվել ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ):
Մանրամասները՝ այստեղ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: