Աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։
Առաջարկվում է որպես հանցագործություն դիտարկել և քրեական պատասխանատվություն սահմանել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալը կամ տեղեկություն չհայտնելը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի աշխատանքային քննարկման ժամանակ:
Կարեւորելով Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ օրենսդիրի կարեւորագույն գործիքակազմերից է նաեւ Քննիչ հանձնաժողովը:
Ըստ պատգամավորի՝ փորձը ցույց է տվել, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք խոչընդոտում են հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Արմեն Խաչատրյանը նշել է, որ նման հարցերն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտություն կա:
Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, հնչել են նաեւ առարկություններ, որոնք, ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակի, կքննարկվեն եւ հաշվի կառնվեն փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու եւ շրջանառության մեջ դնելու համար:
Պատգամավորը հավելել է, որ ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը:
Քննարկմանը մասնակցել են իրավապահ մարմինների, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։