2010 թ. մարտի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց Լոռու մարզի քննչական բաժնի կողմից քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
2009 թ. նոյեմբերի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցների անօրինական գործողությունների` քաղաքացիներ Վ. Տ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ կիրառած ծեծի արդյունքում քրեական գործ հարուցելու համար:
Վ. Տ.-ն և Ա. Մ.-ն հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում աշխատակիցների կողմից ենթարկվել են ծեծի ինքնախոստովանական ցուցմունքներ տալուն պարտադրելու համար, որից հետո տեղափոխվել են Վանաձորի ՁՊՎ:
Դատախազությունը մերժել է հաղորդումը, հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որի վնասվածքները ոչ թե ծեծի, այլ վայր ընկնելու արդյունք են հանդիսացել:
Միաժամանակ դատախազությունը ապացույցներ չի ներկայացրել, որ Վ. Տ.-ն և Ա. Մ.-ն ոստիկանության Սպիտակի բաժանմունք ներկայացել են առանց մարմնական վնասվածքների: Վ. Տ.-ն և Ա. Մ.-ն միայն Վանաձորի ՁՊՎ-ում են մարմնական զննության ենթարկվել և դրանց մասին գրառումներ է արվել վնասվածքների մատյանում:
Այդ դեպքում, երբ անհատը ոստիկանության կողմից ձերբակալվում է առողջ վիճակում, սակայն ազատ արձակվելու պահին նրա մոտ հայտնաբերվում են մարմնական վնասվածքներ, պետությունը պարտավորվում է հիմնավոր կերպով բացահայտել նման դեպքերը:
Այս դեպքում դատախազությունը չկարողացավ ապացուցել, որ այդ վնասվածքները քաղաքացիները ստացել են ոչ թե Սպիտակի ՁՊՎ-ում, այլ մինչև ՁՊՎ-ն:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և համաձայն այդ որոշման` պետք է հարուցվի քրեական գործ: