ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի անդամներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին եւ Ինդիրա Կեմպիս Մարտինեսին:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։
ԱԺ փոխնախագահի համոզմամբ Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու եւ խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ ու ողջունում է բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:
Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Մեքսիկական Միացյալ Նահանգների Սենատի անդամներին 2023 թվականի փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող փաստաթուղթը նախաձեռնելու եւ ընդունելու համար: Նրա խոսքով Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, եւ ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է դրանց հետագա կանխարգելման համար:
Խորհրդարանի փոխնախագահը հավելել է, որ գնահատելի է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ընթացքում Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարությունը: Նա հույս է հայտնել, որ Մեքսիկան ավելի հասցեական գնահատականի կարժանացնի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքներին, նշել, որ հայկական կողմը բարձր է գնահատում այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Մեքսիկայի ներկայացուցչի ելույթը: ԱԺ փոխնախագահի խոսքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար կարեւոր է խնդրին միջազգային հանրության շարունակական ուշադրությունը եւ առարկայական գործողությունները:
Մեքսիկացի սենատորները կարեւորել են խորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը եւ նշել, որ այդ ուղղությամբ շարունակական քայլեր են իրականացվում: Նրանք համոզմունք են հայտնել, որ պայքարում են՝ նման հանցագործություններն ամբողջ աշխարհում բացառելու համար: Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու հարցում թուրքական կողմից մեծ ճնշումներ են եղել: Ըստ նրա՝ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, եւ իրենք հարցը ներկայացրել են Սենատ:
ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանը հավելել է, որ այսօր եւս հայ ժողովուրդը ցեղասպանության խնդրի առջեւ է կանգնած. Ադրբեջանը փորձում է ցեղասպանության ենթարկել իր պատմական հայրենիքում ինքնորոշված Արցախի ժողովրդին: «Մենք դարձյալ Մեքսիկայի մեր բարեկամների օգնության կարիքն ունենք, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի հանցագործ ռեժիմի վրա, որ վերադառնա Արցախի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցություններին եւ հրաժարվի իր ցեղասպան մտադրություններից»,- եզրափակել է Արթուր Խաչատրյանը:
Բարեկամական խմբի անդամներ Թագուհի Ղազարյանը եւ Ալխաս Ղազարյանը եւս կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգերի առաջմղումը:
Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը հյուրերին է հանձնել ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներ:
Հանդիպմանը մասնակցել են եղել նաեւ Մեքսիկայի Միչոական նահանգում ՀՀ պատվավոր հյուպատոս Հակոբ Սահակյանը եւ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը: