Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են հանրապետության մենթոր-ավագ դպրոցների և Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և տեղակալներ, մեթոդմիավորումների նախագահներ և ուսուցիչներ:
Հանդիպման նպատակն էր քննարկել չափորոշիչների ներդրման փորձը, առարկայական նոր չափորոշիչներով և ծրագրերով աշխատելու առանձնահատկությունները, ինչպես նաև սովորողների կարողունակությունների զարգացմանը նպաստող ուսումնական միջավայրի և նյութատեխնիկական բազայի ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր:
Տավուշի մարզի ուսհաստատությունների տնօրենները ներկայացրել են նոր չափորոշչի փորձարկման նախնական փուլում իրենց մտավախությունները և գործընթացով պայմանավորված որոշ դժվարություններ։ Նրանց խոսքով՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի իրականացրած վերապատրաստումները, մշտադիտարկումները, ուսումնական և մեթոդական աջակցությունն ու խորհրդատվությունը, ինչպես նաև իրենց գործադրած ջանքերն օգնել են հաղթահարել հիմնական խնդիրները: Այդ համատեքստում հատկապես կարևորվել են ԿԶՆԱԿ-ի մշակած նյութերի և գործիքների կիրառությունն ու հասանելիությունը։
Թեղուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Արգամ Թամրազյանը խոսել է նախագծային աշխատանքների մասին՝ օրինակ բերելով դպրոցամերձ տարածքում գործող ջերմոցը: Նա նաև նշել է, որ դպրոցի սովորողներն ակտիվ միջառարկայական նախագծերի են մասնակցում, որոնցում արտացոլվում են համայնքի խնդիրները, դիտարկվում օրինաչափությունները, կատարվում հետազոտություններ և համեմատություններ։
Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Բուդաղյանը ներկայացրել է ուսումնական պլանի կազմման գործնական հմտությունները, առարկայացանկի ձևավորման և ժամաքանակների բաշխման սկզբունքները։
Լճկաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Մխիթար Առաքելյանը և նույն դպրոցի ուսուցիչ Լուսինե Բեջանյանը նշել են, որ չափորոշիչների փորձարկման սկզբնական շրջանում գնահատման նոր մոդելը որոշ մտահոգությունների տեղիք է տվել՝ հատկապես անբավարար գնահատականի բացակայության առումով, սակայն հետագայում համոզվել են, որ այն շատ կարևոր և անհրաժեշտ դրական փոփոխություն է։
Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը ներկայացրել է ներդպրոցական վերահսկողության կարևորությունը և դրա նշանակությունը չափորոշչի ներդրման գործընթացում։
ԿԶՆԱԿ-ի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը խոսել է չափորոշիչների փորձարկման ընթացքում ի հայտ եկած դժվարությունների, դրանց հաղթահարման և ծրագրերի լրամշակման մասին։ Անդրադարձ է եղել մեթոդական նյութերի ստեղծման և դպրոցներին ցուցաբերված աջակցության աշխատանքներին։
Հանդիպման ավարտին ԿԶՆԱԿ-ի տնօրենի տեղակալը պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի։